ԿարևորՀասարակություն

Ինչու է փակվում Մարալիկի ծննդատունը

17 գյուղական համայնքներին սպասարկող  Մարալիկի ծննդատունը այս հունվարից այլև չի ֆինանսավորվի։ Այն փակելու մտքից առողջապահության նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել:

ԱՆ մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասում է, որ ծննդատունը փակում են ոչ թե գումար խնայելու համար, այլ այն վտանգավոր է մարալիկցի ծննդկանների ու նորածինների համար․

«Մարալիկի բժշկական կենտրոնը վերջին տարիներին ունենում է 106-110 ծնունդ, չկա կադրային պահանջվող հագեցվածություն։  Չկան վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, նեոնատոլոգ։ Հետևաբար` թողնել մանկաբարձական մահճակալների հետագա գործունեության ծավալումը վտանգ է ներկայացնում մայրացող կանանց և նորածինների համար»,– ասում է Գայանե Ավագյանը։

Նախարարության ներկայացուցիչը նշում է, որ  իրենք մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու խնդիր ունեն, ինչի համար էլ 2018–ի կեսերից որոշել են վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների աշխատանքը։  

Փորձը ցույց է տալիս, որ ծնունդների քանակը, բժշկական միջամտությունների թիվն ուղիղ համեմատական է ծառայությունների մատուցման որակին` ասում է նախարարության ներկայացուցիչը։

Այսինքն` եթե ինչ-որ ԲԿ–ում տարեկան 1000 վիրահատություն է կատարվում, իսկ մեկ ուրիշում 100, ապա միանշանակ ավելի շատ վիրահատություն իրականացնող ԲԿ–ում մատուցվող ծառայություններն ավելի որակյալ են։ 

«Պարզ օրինակ բերեմ. կինը ծննդաբերեց՝  ընկերքը չի անջատվում ու կինը արյունահոսում է։ Պահանջվում է շտապ արգանդի հեռացում։ Չկա վիրահատող մանկաբարձ գինեկոլոգ, չկա անեսթեզիոլոգ, որը պետք է այդ կնոջը փրկի։ Լինի Գյումրիի, Ախուրյանի, Արթիկի ծննդատանը, այդ կինը կփրկվի, իսկ Մարալիկում չի փրկվի։ Պետությունն այս պարագայում չի կարող ապահովել բարձր որակի բուժօգնություն»։

Ծննդատների դեպքում  ԱՆ որոշել  է  ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանվել` կգործեն այն  ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն, իսկ Մարալիկի ծննդատունը անցած տարի ընդունել է  106  ծնունդ։ Սակայն Մարալիկի ծննդատան աշխատակիցներն ասում են, եթե  առանց մասնագետների   այդքան ծնունդ են ընդունել,ապա  մասնագետներ լինելու դեպքում ծնունդների թիվը ավելի շատ կլինի։

Մարալիկի ծննդատան ճակատագիրը այս պահին անորոշ է։ Որոշումը կընդունվի երկուշաբթի օրը։ Եթե ծննդատունը փակվի, ապա 12 աշխատակիցները գործազուրկ կդառնան։

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը պարզաբանում է. նախարարությունը չի կարող մանկաբարձական բաժանմունքը փակելու որոշում ընդունել, ուղղակի որպես պետական գնորդ տվյալ բուժհաստատության  ծառայությունից չեն օգտվի, քանի որ կան խնդիրներ։

Նույն պատճառով պետական   ֆինանսավորում չեն ստանալու նաև Ջերմուկի, Գառնիի, Արագածավանի, Ծաղկահովիտի ,Արտեմի  ու Արծվաբերդի ծննդատները։

Շատ հաստատություններ տարեկան  ունենում են 10-15 ծնունդ։

Կարդացեք նաև

Back to top button