
Ժամանակակից արձակի ամենակարդացվող գրողներից մեկի՝ Նարինե Աբգարյանի «Զուլալի»- ին 2020-ի գարնանը խոստանում են, որ էկրան կբարձրանա։ Տավուշի Այգեձոր եւ Նավուր գյուղերը ռեժիսոր Հայկ Օրդյանի թիմի համար նկարահանման հրապարակ են՝ արդեն մի քանի շաբաթ։
Որ հենց «Զուլալի»–ն բարձրանա էկրան, որոշել է ռեժիսորը, ընտրությունը միանշանակ ընդունել՝ արձակագիրը։ Իսկ ինչո՞ւ, ինչպե՞ս, ովքե՞ր եւ ե՞րբ. հարցեր, որոնց պատասխանները հաջորդելու են։
Նարինե Աբգարյանի գրեթե բոլոր գործերը կարդացած ռեժիսոր Հայկ Օրդյանը, «Զուլալի» վեպը իրենն է համարում։ Տեքստի հետ քնել–զարթնել է երկար, գրքի էջերի վրայից «Զուլալի»–ին էկրանին պատկերացրել դժվարությամբ։

«Ես հասկացա, որ սկսում եմ սրանով ապրել, ամեն օր մտածում եմ «Զուլալիի» մասին, ամեն օր մտածում եմ այդ պատկերների մասին, մտածում դրամատուրգիական զարգացումների մասին։ Ու, երբ հասունացան զգացմունքներս, բոլոր ճանապարհները տարան դեպի «Զուլալի»,– անկեղծանում է Հայկը։

Երբ «Զուզալի»–ն ռեժիսորի համար դառնում է ճանապարհի վերջնակետ, նկարահանող խումբն իր զուլալ կյանքը սկսում է Տավուշի Այգեձոր ու Նավուր գյուղերում։
Այնտեղ այս պահին էլ Զուլալին, Նազարոսն ու Մամիդան պատմում են սիրո, դժվարությունների, դրանց միջից հնչող ծիծաղի ու հույսի մասին։ Նրանք ֆիլմի գլխավոր կերպարներն են, իրենց կյանքով մարմնավորած Հայաստանի սահմանային Տավուշի միջավայրը, խոսքը, գույնն ու ձայնը։

«Զուլալի»-ն ֆիլմի սցենարի մեջտեղում է, կողքին լեգոյի պես հավաքված են Նարինե Աբգարյանի այլ ստեղծագործություններից դրվագներ ու սյուժեներ՝ որպես Նարինե աշխարհի ամբողջացում։ Սցենարի հեղինակ Աստղիկ Սիմոնյանը ջանում է փակագծեր չբացել, բայց որոշներն արդեն բացված են։
«Երկխոսությունները, իմ աշխատելուց հետո, Նարինեն դարձրել է Բերդի բարբառով։ Այսինքն` մենք չենք լսելու գրական հայերեն խոսք, այլ տավուշյան բարբառ։ Ու ռեժիսորի համար շատ կարեւոր էր, որ դերասանները այս բարբառի կրողը լինեն»,- ասում է սցենարի հեղինակը։

Նազարոսի դերակատարին` 11–ամյա տղային, ընտրել են Բերդի 65 երեխաներից, ընտրել են հենց այդ սկզբունքով առաջնորդվելով։ Գործողությունները, որ տեղի են ունենում պայմանական Հայաստանում, արտացոլում են հայկական կենցաղն ու կերպարները, բայց պատմությունը մեկ է` համամարդկային է։
«Ինձ համար որպես հանդիսատես, շատ ավելի հետաքրքիր է նայել, թե ինչպես են էկրանավորվում ժամանակակից գրողների գործերը, իսկ Նարինե Աբգարյանը ժամանակակիցներից լավագույններից է»,- ասում է ռեժիսոր, պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

Ժամանակը եկավ, ու աշխատանքներն սկսվեցին։ Մնում է սպասել ու տեսնել, թե ինչպիսին կլինի «Զուլալի»–ն որպես տեսողական ներկայացում։
Իսկ մինչ այդ` ռեժիսորն իր թիմի հետ նկարահանման հրապարակից Երեւան կվերադառնա հաջորդ ամսվա սկզբին՝ շարունակելու «Զուլալի»–ի ճանապարհը մեծ էկրան արդեն մայրաքաղաքում։




