
Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին նոյեմբերի 19-ին ժամը 20.00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ: Կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը` երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու երաժշտության հիման վրա:
Առավելաբար կոմիտասյան քանդակներով հայտնի քանդակագործը, որ ծնվել է 1933 թ. Կահիրեում, վերադարձել է Հայաստան, փորձել ստեղծագործել հայրենիքում, սակայն նրա արվեստը հակասում էր խորհրդային երկրում իշխող գաղափարախոսությանը` սոցռեալիզմին։
Արվեստանոցի մոտ տեսնելով իր՝ Կոմիտասի ավերված քանդակի բեկորները, որոշում է հեռանալ Հայաստանից: Մի առիթով այսպես է խոսել Խորհրդային Հայաստանից հեռանալու մասին. «Ես 74 թվին դուրս եմ եկել Հայաստանից և բարձրաձայն կարող եմ ասել, որ այնքան էի սիրում Հայաստանը, որ դրա համար եմ դուրս եկել»: Կոմիտասի բրոնզաձույլ արձանն այսօր Դեթրոյթում է։ Նրա քանդակները նոր իմաստ ու շունչ են հաղորդում աշխարհի շատ քաղաքների:

Հայաստանին նա նվիրել է միայն իր «Քայլող մարդը»: Այն դեռ տեղադրված չէ մայրաքաղաքում: Մի քանի տարի առաջ խոսվում էր Հյուսիսային պողոտայում տեղադրելու մասին, հետո՝ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց:
Մինչ քանդակն իր տեղը կգտնի մայրաքաղաքում, նրա ընկերը՝ երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, Երևանի կամերային երաժշտության տանը հիշատակի համերգ է նախաձեռնել:
Այդ գծագրերը, որ արել էր Արտո Չաքմաքչյանը, կներկայացվեն համերգին զուգահեռ` Կամերային երաժշտության տան նախասրահում: Համերգը պարտքի վերադարձ է` ասում է Վահան Արծրունին:




