Միջազգային

Վենետիկում հեղեղումից վնասի չափը հասնում է մեկ միլիարդ եվրոյի

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն հեղեղումից վնասի  չափը գնահատել է մինչեւ մեկ միլիարդ եվրո:

«Մենք ավերեցինք Վենետիկը: Խոսքը վերաբերում է միլիարդի հասնող վնասին, եւ մենք խոսում ենք այն մասին, ինչ տեղի է ունեցել նախանցյալ օրը, այլ ոչ թե այսօրվա մասին»,- ասել է նա Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցելության ժամանակ:

Վենետիկի քաղաքապետը հարկադրված է եղել փակելու հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել է 153 սանտիմետրի: Ձայան, իր հերթին, Վենետիկում իրավիճակը բնորոշել է որպես «լիակատար ավերում»:

«Սուրբ Մարկոսի բազիլիկի ներսում ջուրը, պետք է որ գտնվի մեկ մետրի մակարդակում: Ջուրը ողողել է տներն ու խանութները: Ավերումը լիակատար է, որովհետեւ նախ ջուրը գալիս է ու վնաս հասցնում, իսկ հետո, երբ այն հեռանում է, թողնում է աղ, որը քայքայում է պատերը, հատակները, արվեստի ստեղծագործությունները, խճանկարները եւ բոլոր էլեկտրական համակարգերը»,- նշել է Ձայան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք նաև

Back to top button