
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` մեկնաբանելով սեզոնային գրիպի պատվաստումների ուշացման պատճառները։
Հայտարարության մեջ նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար, ապա հայտնում, որ պատվաստանյութն արդեն Հայաստանում է։
«Պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ, նշում են Առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:
Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




