ԿարևորՀասարակություն

Աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ոլորտում սահմանային վերահսկողության վերաբերյալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել  աշխատանքային քննարկում՝  սննդամթերքի ներմուծման ժամանակ սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի (ՍԱՏՄ) տեղակալ Նարեկ Հայրապետյանը, ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև գրասենյակի և շահագրգիռ կառույցների  այլ պաշտոնատար անձինք, մսամթերք արտադրող մի շարք ընկերությունների և Հայաստանում գործող ոլորտային լաբորատորիաների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում Արթուր Ասոյանը նշել է, որ  կառավարության որդեգրած քաղաքականությունը  բոլոր շահառուների շահերի պաշտպանությյունն է՝ բացառելով վտանգավոր սննդի ներմուծումն ու օգտագործումը, ինչը  պետք է արվի տնտեսվարողի գործունեությանը չխոչընդոտելու եղանակով:

«Հանդիպման հիմնական նպատակն է  հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է սալմոնելա խմբի մանրէներ պարունակող մթերքը ենթարկել  ջերմային մշակման և ունենալ անվտանգ սնունդ: Մենք պետք է աշխատենք բացառապես օրենքի սահմաններում՝ չվնասելով որևէ շահառուի»,-նշել է Ասոյանը՝ հավելելով, որ համաձայն ԵԱՏՄ  տեխնիկական կանոնակարգի պահանջների արգելվում է նմանատիպ սննդամթերք ներմուծել ԵԱՏՄ տարածք՝ անկախ հետագա վերամշակման պայմաններից:

Քննարկման արդյունքում ներկաները եկել են համաձայնության, որ վարակված սննդամթերքի հանրապետություն ներթափանցումը ռիսկային է և ոչ լիարժեք կառավարելի՝ անկախ նրանից, թե հետագա ինչ վերամշակում է անցնելու:

Արդյունքում սննդամթերք ներմուծող ընկերություններին առաջարկվեց վերանայել մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ հստակեցնելով կողմերի պարտականությունների շրջանակը, ինչպես նաև վնասակար սննդամթերքի հետ վերադարձման կարգը: Հետագա խնդիրներից խուսափելու համար ընկերությունները  համապատասխան աջակցություն կարող են ստանալ  Էկոնոմիկայի նախարարությունից և ՍԱՏՄ-ից: Վերջին 6 ամսիների ընթացքում սննդամթերք ներմուծած բոլոր ընկերությունները կտեղեկացվեն կայացված որոշումների վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button