ԿարևորՊաշտոնական

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերությունն ավելի զարգացնելու հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:

Վարչապետը նախ երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ և նշել, որ բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ ու կարևոր նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար։

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ գործընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունը էլ ավելի կխթանի դրանց հաջող իրականացումը:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ԱՄՆ-ն ևս հետաքրքրված է Հայաստանի հետ արդյունավետ գործընկերությունն ավելի զարգացնելու հարցում: Դեսպան Թրեյսին ասել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թ. ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով, և առաջարկել քննարկել այն Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ծառայեցնելու հնարավորությունները:

Իր հերթին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը նշել է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին։ Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել դատաիրավական, հակակոռուպցիոն, տնտեսական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորություններին: Տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջանակում մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, էներգետիկայի, ագրոբիզնեսի, ՓՄՁ խթանման ուղղություններով ընթացիկ ծրագրերի շուրջ, արծարծվել են հետագա անելիքներին առնչվող հարցեր, խոսվել է նաև երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը խթանող նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքից և վերահաստատել Միացյալ Նահանգների՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ հետ գործընկերության և փորձի փոխանակման կարևորությունը Հայաստանի բարեփոխումների, տնտեսական առաջընթացի և ժողովրդավարական հաստատությունների զարգացման համատեքստում:

Back to top button