ԿարևորՀասարակություն

ԼՂՀ-ի հարցը տարածքային վեճ չէ. Զոհրաբ Մնացականյանը «Hard Talk»-ին տված հարցազրույցի մասին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, որն այսօր հրավիրված էր Երևանում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցերին, անդրադարձել է նաև BBC-ի «Hard Talk» ծրագրին տված հարցազրույցին, մասնավորապես, Արցախի հետ կապված խնդիրներին։ «Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար կարևորագույն հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի կարգավիճակը։

«Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ, մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է։ Մեզ համար առաջնայինը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով։ Բնականաբար, Արցախը, ինչպես ՀՀ-ն, տարածք է, որտեղ ապրում են հայեր: Որպեսզի այն մնա պատմական, հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանվի այսօր և ապագայում։ Մենք եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը: Այս ուղերձը, ինչպես նա է նշել, եղել ու մնում է հիմնականը, որը տարբեր ձևաչափերով, մեթոդներով շարունակելու են ամրապնդել։

 

 

Կարդացեք նաև

Back to top button