Գևորգ Աֆրիկյանի նոր ռեկորդը՝ Դյուցազնագրքում
Սիրանուշ Ղազանչյան
«Ռադիոլուր»
Քսանամյա Գևորգ Աֆրիկյանն հերթական ռեկորդն է սահմանել, որը կգրանցվի հայկական «Դյուցազնագրքում»:
Այսօր Գավառում հոծ բազմության առջև հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկը 9 մ 10 սմ միանգամից երեք մեքենա քաշեց՝ 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով:
«Ռեկորդը կայացավ», — հայտարարեց «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:
«Այն ինչ արեց Գևորգը, շատ առողջ մարդիկ հնարավոր է երբեք չկարողանան կատարել», — լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը:
Սա Գևորգի առաջին ռեկորդը չէր «Դյուցազնագրքում»: Սակայն այս մեկն ուղարկվելու է նաև Գինեսի ռեկորդների հանձնաժողով:
Հայտը, սակայն Գինեսի գրքում կգրանցվի՞, թե՞, ոչ, պարզ կդառնա միայն միջազգային հանձնաժողովի քննարկումներից հետո:
«Այս վարժությունը, որ կատարվեց, աշխարհում կրկնօրինակող դեռ չի եղել: Գևորգ Աֆրիկյանն առաջինն էր, որ չորեքթաթ քաշեց երեք մեքենա», — ասաց Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտի) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:
Խոսելով իր զգացողությունների մասին՝ Գևորգն ասաց, որ ցանկացած գործի մեջ եթե դնում ես նպատակ, դժվարություններին սկսում ես այնքան էլ ուշադրություն չդարձնել:
«Ես հպարտ եմ, որ կարողանում եմ իմ քաղաքում անել մի բան, որ ամբողջ աշխարհում ոչ մեկ չի արել», — ասաց մարզիկը:
Գևորգ Աֆրիկյանը զբաղվում է ուժային եռամարտով, Աշխարի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն է և բազմաթիվ ռեկորդների հեղինակ: Առաջիկայում պատրաստվում է մասնակցել Լեհաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
«Անպայման մեկնելու եմ և հաղթանակով վերադառնամ», — ասաց Գևորգը, ով իր բոլոր հաղթանակները նվիրում է սահմանին կանգնած զինվորներին:
Իսկ ընհանրապես կյանքում առաջնորդվում է մեկ կարգախոսով. «Կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք, ես կլինեմ առաջինը»։