
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Զգուշացեք դռները բացվում են, հաջորդ կայարանը Մարշալ Բաղրամյան։ Դռները բացվում են, ու մետրո է մուտք գործում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա աշխատասենյակից Մետոյի երիտասարդական կայարան էր գալիս մետրոյով: Պարզվեց, որ նախագահը վերջին անգամ մետրոյով երթևեկել է 20 օր առաջ, այդ մասին ասաց «Ռադիոլուրին»։
-20 օր առաջ եմ մետրոյում եղել, բայց գլխարկով ու ակնոցներով, որ չճանաչեին:
-Թումանյանի հայտնի հեքիաթի հետքերո՞վ էինք ուզում գնալ՝ պարզելու, թե ինչ է կատարվում մեր քաղաքում:
-Այո, ես հաճախ եմ այդպեսի բաներ անում, բայց շատ դժվար է լինում, քանի որ ճանաչում են ու չի ստացում։

Այսօր նախագահը պարզապես զբոսանքի դուրս չէր եկել, այլ եկել էր Մետրոյի երիտասարդական կայարան դիտելու Կոմիտաս վարդապետին նվիրված, բացառիկ արխիվային վերականգնված ֆոտոցուցահանդեսի հետահայաց ցուցադրությունը։
Ու մինչ մետրոյի սրահում նախագահը դիտում էր լուսանկարները, այդ ընթացքում մետրոյի գնացքները գալիս էին ու գնում, ու երիտասարդական կայարանում իջնող ուղևորները մի պահ կանգ էին առնում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Իսկ այստեղ հնչում էր կոմիտասյան երաժշտությունը՝ տարբեր երաժշտախմբերի կատարմամբ։
Այս միջոցառումը կազմակերպել էր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համատեղ։ Այն նվիրված էր Կոմիտաս Վարդապետի 150 ամյակին։

Արմենպրես լրատվական գործակալություն տնօրեն Արամ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ցուցադրությամբ մի քանի պատգամ են ուղղում հանրությանը:
Կոմիտասյան երաժշտությունը այս տարի մետրոյում պարբերաբար է հնչելու։




