
Անուշ Միրզոյան
Ռադիոլուր-Կապան
Հաճախ է խոսվում դատաիրավական համակարգում բարեփոխումների մասին։ Արդյո՞ք այսօր առկա են փոփոխությունները ոլորտում։ «Ռադիոլուրին» Սյունիքի մարզի մասնագետները տարաբնույթ կարծիքներ հայտնեցին։ Մի մասի համար այդ փոփոխությունները նշմարելի են, մյուսների համար՝ դեռ ոչ։
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո պարբերաբար բարձրաձայնվում է, որ ամենակոռումպացված համակարգում՝ արդարադատության ոլորտում անհրաժեշտ է սկսել իրականացնել բարեփոխումենր։ Անցել է մեկ ու կես տարի։ Արդյո՞ք առկա են փոփոխություններ։ «Հակակոռուպցիոն ազգային բյուրո» ՀԿ նախագահ Արշավիր Խալափյանը նշում է կառավարությունը հետևողականորեն այդ բարեփոխումենրն իրականացնում է։

«Նախկինում կար համակարգված կոռուպցիա՝ բացահայտ, այսօր դա չկա։ Եթե կա, ապա թաքնված բնույթ է կրում։ Հիմա դատավորներն ավելի զգուշավոր են, շրջահայաց, ուշադիր են։ Ես անձամբ բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն եմ զգում։ Ամենաթողության մթնոլորտն արդեն չկա։ «Մեր դեմ խաղ չկա» մտածելակերպը չկա։ Դատավորների հետ եղբայրություն անողները մասամբ որբացել են։ Դատարան դիմած քաղաքացին, եթե ճիշտ է, նրա շանսերը մեծ են, քան մինչև հեղափոխությունը։
Փաստաբան Իրինա Մանուկյանի խոսքով էական առաջընթաց չկա։

«Դատական իշխանությունը այսօր վախեցած է։ Նրա արդյունավետ գործունեության երաշխիքը իր անկախությունն է։ Իսկ այդ անկախությունը կերտվում է ոլորտի ներկայացուցիչների անկախության միջոցով։ Այսօր մենք ունենք խնդիր՝ պայմանավորված ներկա իրավիճակով, որոշ աղմկահարույց դատական գործերի քննությամբ»։
Թե հասարակական կարծիքը, թե քաղաքական մարտահրավերները կամ իշխանության պահանջներն ու շահերը չպետք է կաշկանդեն դատական իշխանությանը,- նշում է փաստաբանը, հավելում, որ նախկինում եղած խնդիրները շարունակում են մնալ։
«Կան դեպքեր, որ այս կամ այն դատական գործով պահանջում են այլ ակտ կայացնելը։ Կարծո՞ւմ եք հնարավոր է ամբոխ հանել փողոց և դրա միջոցով թելադրել ակտ կայացնել ինչ որ մեկին կողմ կամ դեմ, միթե՞ սա է դատական իշխանության անկախությունը, իհարկե, ոչ։ Դա վառ ապացույց է, որ դատարանների վրա կա հասարակական ճնշում»։
Փաստաբան Ռուբեն Ղազարյանը նույնպես կարծում է, որ դատաիրավական ոլորտում էական բարեփոխումներ չկան։

«Առկա է դատական ծանրաբեռնվածության լուրջ խնդիր։ Քաղաքացիների խախտված իրավունքները դատական կարգով վերականգնման համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ, ընդհուպ տարիներ։ Բացի այդ` տենդենց է նկատվում, որ դատախազության կամ նախաքննական մարմնի ցանկացած միջնորդություն, որը բերվում է դատարան, բավարարվում է։ Մասնավորապես` խոսքը կալանքների մասին է։ Որոշ ժամանակ առաջ դատարանները չէին բավարարում կամ գոնե պատճառաբանում էին, թե բավարարումը, թե մերժումը, իսկ հիմա այդպես չէ»։
Ռուբեն Ղազարյանը ուշադրության է հրավիրում նաև դատարանների հեղինակազրկման խնդրի վրա։
«Վերջերս այնքան ենք ասել, որ դատական իշխանությունը հեղինակազրկվել է, որ կարծես դրանով էլ ավելի ենք նպաստում այդ հեղինակազրկմանը, քան միջոցներ ենք ձեռնարկում այդ հեղինակության բարձրացմանը»։
Բարեփոխումներ տեղի չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց իրավագիտակցության մեջ չի հստակեցվել այն պատկերացումը, որ լինում է ոչ թե դատական համակարգ, այլ իշխանություն, իսկ դրանց միջև էական տարբերություն կա՝ ասում են փորձագետները։




