
Գիտա Էլիբեկյան
Ռադիոլուր-Թբիլիսի
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Իշխող «Վրացական երազանք»-ի անդամները կարծում են, որ վարչապետի պաշտոնում Գախարիայի Հայաստան այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական հարաբերությունների զագացման գործում։
Վրաստանի վարչապետի պաշտոնը անցյալ ամիս ստանձնած Գիորգի Գախարիան սկսել է իր տարածաշրջանային այցերը՝ հոկտեմբերի 9-ին նախ լինելով Ադրբեջանում։ Փորձագիտական որոշ շրջանակներ առաջին այս այցը Ադրբեջան կապում են նաև վերջին շրջանում Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով վրաց-ադրբեջանական հարաբերությունների լարվածությամբ։ Գախարիան Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև չլուծվող խնդիրներ չկան։
«Պատահական չէր, որ որոշել էինք առաջին այցը կատարել Ադրբեջան: Հիշեցնեմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունը ոչ միայն երկկողմ է, այլ տարածաշրջանային և կարևոր միջազգային ենթատեքստ է ստացել»,- վերադառնալով Թբիլիսի, ասել էր Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ հաջորդը այցը Հայաստան է:
Գիորգի Գախարիան 3-րդ անգամ է այցելում Երևան։ Այցից առաջ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-վրացական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկին, ով ամենայն հավանականությամբ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինի, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ հայ-վրացական հարաբերությունները, որ զարգացման նոր թափ են ստացել հայաստանյան նոր իշխանությունների օրոք, ակտիվացման մեծ հեռանակար ունեն․
«Սա մեր ձեռքբերումն է, որին դարերով ենք հասել։ Վերջին շրջանում մեր դիրքորոշումները որոշ հարցերում ու բանաձևերի շուրջ թեև չեն համընկնում, սակայն մեր բարիդրացիական, ազգամիջյան ու քաղաքական հարաբերությունները այնքան հզոր են, որ ես չեմ կարծում, թե աշխարհում երկկողմ հարաբերությունների նման օրինակ գոյություն ունի»։
Հայաստանի և Վրաստանի միջև չլուծվող խնդիրներ չկան։ Այսպես են ասել նաև երկու երկրների տարբեր իշխանություններն ավանդաբար։ Հայաստանի նոր իշխանությունները կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունները, աննախադեպ թվով հանդիպումներ են ունեցել վրացի գործընկերների հետ։ Հայաստանի վարչապետը հասցրել էր ջերմ հարաբերություններ հաստատել նախկին վարչապետներ Մամուկա Բախտաձեի և Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն ասում է, որ մեր վարչապետը ընկերություն անել գիտի. «ՀՀ վարչապետը Վրաստանի նախկին վարչապետի հետ ընկերական հարաբերություններ ուներ, իսկ անձնական հարաբերությունները մեծ դեր են խաղում: Նորի հետ էլ կընկերանա»:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակներ։ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը ասում է․
«Ամենակարևորը հանդիպումները պետք է հաճախակի լինեն, որպեսզի բարեկամական կապերն ամրապնդվեն, հարցերը լուծվեն, թեև ես կոնկրետ, մեծ խնդիր չեմ տեսնում։ Գախարիան Վրացական երազանքի ու ժողովրդի շրջանում մեծ ռեյտինգ ունեցող գործիչ է, և ես կարծում եմ, որ նրա աշխատանքների արդյունքում մենք մեծ փոփոխությունների ականատես կլինենք »։
Երկու երկրների միջև սահամանազատումը դեռևս ավարտված չէ,
Վրաստանի տարածքով ցորեն տեղափոխելու մասին հարցը ևս կարող է լինել օրակարգում, ինչպես
նաև ենթակառուցվածքային հարցեր, զբոսաշրջության ոլորտում համագործակցություն և առևտրատնտեսական
հարաբերությունները խորացում։
Սա Գիորգի Գախարիայի թվով երրոդ այցն է Հայաստան։ Մինչ այդ նա Հայաստանում պաշտոնապես
եղել է՝ 2017-ին էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018-ին՝ ներքին գործերի նախարարի կարգավիճակով:




