
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Գյուղատնտեսական վարկերն ամենացածր տոկոսադրույքներն ունեն եւ վաղուց կա այն խնդիրը, որ դրանք վերցնելով գյուղացիները նպատակային չեն օգտագործում, ինչի պատճառով էլ հաճախ կանգնում են այն վերադարձնելու անհնարինության առաջ: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության փորձագետ Աշոտ Խաչատրյանը:
Նա, միաժամանակ, ասել է, սակայն, որ ամեն ինչ բարդել դրա վրա՝ ճիշտ չէ, քանի որ ակնհայտորեն մասնագետների պակաս էլ կա համակարգում, ովքեր պետք է խորհուրդներ տան, թե ինչպե՞ս արդյունավետ օգտագործել գյուղվարկերը՝ վերադարձնելու հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Աշոտ Խաչատրյանը կոնկրետ խաղողի վարկավորման խնդիրներին անդրադառնալով՝ մեզ հետ հեռախոսազրույցում նախ ասաց, որ Արարատյան դաշտավայրում եւ Արցախում տարածված են խաղողակեր միջատներ, որոնք աչքի համար գրեթե անտեսանելի են եւ ուտում են խաղողի արմատներն ու տերեւները: Դրանց պատճառով այս պահին խաղողի զարգացման հեռանկարը զրոյական է, եթե ամերիկյան պատվաստակալներով չեն գյուղացիները աճեցնում խաղողը: Այս հանգամանքը հաշվի առնելով բանկերը հիմնականում որպես կանոն խուսափում են խաղողագործությունը, մասնավորապես՝ անհատ խաղողագործներին ֆինանսավորելուց:
«Գյուղվարկավորման մի քանի բանկեր իրենց մասնագետներն ունեն. մասնագետները էդ ամեն ինչը շատ լավ գիտեն: Դրա համար էլ խաղողը շատ զգուշորեն են վարկավորում կամ չեն վարկավորում»:
Աշոտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս պահին գյուղվարկերը 12 տոկոս են, որից 7 տոկոսը պետությունն է վերադարձնում բանկերին, ինչը նշանակում է, որ գյուղացին 5 տոկոսանոց վարկ է վերցնում, իսկ դա այսօր իդեալական պայման է: Նրա խոսքով, սակայն, այդ արտոնյալ վարկերը ավելի շատ ձեռնտու են խոշոր հողակտորներ ունեցողներին եւ անհատ գյուղացիների համար չեն:
«Ռիսկերը շատ լավ հաշվարկված է: Մի բան էլ՝ չափից ավել է հաշվարկված»:
Այդուհանդերձ, անհատ գյուղացիներ նույնպես օգտվում են գյուղվարկերից: Այս դեպքում, սակայն, հաճախ դրանք նպատակային չեն օգտագործվում, ինչի պատճառով նրանք կանգնում են վարկը վերադարձնելու խնդրի առաջ: Աշոտ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ ամեն ինչ բարդել այս հանգամանքի վրա ճիշտ չէ: Նա նկատում է, որ ոլորտում մասնագետների պակասն ակնհայտ է, որոնք պետք է ճիշտ խորհուրդներ տան՝ խնդիրներից խուսափելու համար:
«Խնդիրը վաղուց կա. գյուղատնտեսական վարկերն ամենացածր տոկոսադրույքներն ունեն ու, իրոք, կա որ վերցնում ու նպատակային չեն օգտագործում: Պլյուս՝ բանկերը պիտի մասնագետներ ունենան անպայման: Մասնագետները պիտի եւ խորհրդատվություն ապահովեն, եւ հետեւեն վարկի օգտագործմանը: Սա չկա բանկերում, բացի՝ մի քանիսից: Մարդն էլ, որին փող է պետք, տեսնելով, որ հնարավորություն կա վերցնելու, վերցնում ոչ նպատակային է օգտագործում: Բայց ամեն ինչ բարդել դրա գլխին՝ ճիշտ չէ: Պարզապես՝ մասնագետ չկա էսօր համակարգում, որ խորհուրդ տա մարդուն՝ ինչպես անել: Մարդը վերցրել է՝ չգիտի ոնց օգտագործի նպատակային ու արդյունավետ. համակարգ չկա, ինստիտուտ չի գործում»:
Գյուղվարկավորմամբ զբաղվող ընկերությունների գնահատմամբ՝ խնդիրն այնքան տարողունակ է, որ միանշանակ պատասխան չունի, թե ինչի հետեւանքով է, որ գյուղատնտեսական վարկից օգտվող որոշ գյուղացիներ կանգնում են վարկի սպասարկման անհնարինության առաջ: Զրուցեցինք գյուղվարկավորմամբ զբաղվող ընկերություններից մեկի՝ «Ֆարմ կրեդիտ»-ի վարկային մասնագետ Հրանտ Եղիազարյանի հետ:
«Էս պահին մենք վարկերի վերադարձելիության խնդիր չունենք»:

Հրանտ Եղիազարյանն ասաց, որ կոնկրետ իրենց ընկերության կողմից տրված գյուղվարկավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն լինում եւ այս պահին էլ այդպիսիք չկան, քանի որ նախ՝ բավականին ճշգրիտ գնահատում են ռիսկերը, ապա նաեւ՝ վարկավորում են բազմապրոֆիլ տնտեսությունների, քանի որ ոլորտը բավականին բարձր ռիսկային է՝ կախված նաեւ բնակլիմայական պայմաններից: Որոշ դեպքերում իրենք նաեւ գյուղատնտեսության նեղմասնագիտական համապատասխան ուսուցում են կազմակերպում, ինչը նույնպես օգտակար է եւ դա ցույց է տվել փորձը:
Ընդհանուր առմամբ, Հրանտ Եղիազարյանը նույնպես շեշտեց մասնագետների պակասի խնդիրը: Նրա խոսքով՝ խնդիրներ լինում են այն պատճառով, որ որոշ ֆինանսավորողներ ոչ ամբողջությամբ են պատկերացնում գյուղատնտեսությունը եւ ճիշտ չեն գնահատում գյուղացու տնտեսությունն ու ֆինանսական հոսքերը:
«Վարկային տեխնոլոգիա է կոչվում այդ ամբողջը եւ եթե դու չես տիրապետում կոնկրետ գյուղատնտեսության ֆինանսավորման վարկային տեխնոլոգիային, դու միշտ խնդիր կունենաս՝ որպես ֆինանսավորող»:
Գնահատման ոչ ճիշտ տեխնոլոգիաներ կիրառելով գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորումը ոչ թե օգուտ է լինում, այլ՝ վնաս այդ տնտեսություններին՝ եզրափակեց մասնագետը:




