
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ պլաստիկե իրերը շպրտվում են որպես կենցաղային աղբ եւ ապականում շրջակայքը։ Մինչդեռ դրանց հավաքումն ու վերամշակումը շահեկան է ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատման առումով, այլեւ տնտեսապես։ Ամբողջ աշխարհում քայլեր են ձեռնարկվում պոլիէթիլենային թափոնների օգտագործումը նախ նվազեցնելու, հետո տեսակավորման ու վերամշակման խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում:
Պլաստիկ շշերը, պոլիէթիլենային տոպրակներն ու ավելի հաստ տարաները շատ երկար են քայքայվում բնության մեջ և վտանգավոր են շրջակա միջավայրի համար: Այդ իսկ պատճառով շատ երկրներում նախաձեռնվել է տարատեսակ թափոնների կայուն կառավարման ռազմավարություն` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը։ Հայաստանը փոքր երկիր է, բայց մեզ մոտ բավականին շատ պլաստիկ թափոններ են կուտակվում, և այժմ քայլեր են ձեռնարկում նվազեցնելու թափոնների օգտագործումը: Դեռևս անցյալ տարի նախարարությունը նախաձեռնեց պլաստիկ իրերի օգտագործումը սահմանափակելու գործողություններ։

«Կարգավորման գլխավոր գործոններից է պլաստիկ տոպրակների համար գին սահմանելը, որովհետև միջազգային փորձը ցույց է տալիս, երբ պլաստիկ տոպրակը թանկ է լինում, խելամիտ է մոտենում իր բյուջեին և անցում է կատարում կտորից տոպրակների: Երկրորդը՜ մենք նախատեսում ենք ընդհանուր արգելք դնել պլաստիկ տոպրակների վրա 2020-2023 թվականներին: Նախագծով այդպես է»:
Այս ընթացքում բանակցություններ պետք է տարվեն պլաստիկ տոպրակներ արտադրող ու ներկրող տնտեսվարողների հետ: Հաջորդ թիրախը մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաներն են: Առաջինը՝ շշերը: Այժմ քայլեր են ձեռնարկվում դրանք վերամշակելու եւ երկրորդ անգամ օգտագործելու համար։ Թափոնների տեսակավորման խնդիր Հայաստանում ևս կա։ Այժմ այդ ուղղությամբ փոքր, բայց քայլեր ձեռնարկվում են: Շուտով մայրաքաղաքի փողոցներում կտեղադրվեն նաև սմարթ կոնտեյներներ, որտեղ ազգաբնակչությունը հնարավորություն կունենա թափել պլաստիկե իրեր: «Ռե ապագա» բարեգործական հիմնադրամի» կոնտեյներները հնարավորևություն կտան պարգևատրվել էկո վարքագծի համար` նշեց հիմնադրամի մարքետոլոգ Հայկ Կազարյանը:

«Դուք, երբ գրանցվում եք, ստանում եք QRկոդ, այն ցույց տալով տարային` բացում է: Այնուհետև թափոնը թափելիս այն կշռում է, և ձեզ տալիս միավորներ, որոնք կարող եք կուտակել ու 30-ից ավել կազմակերպություններից օգտվել զեղչով: Սա նրա համար է, որ մարդիկ խրախուսված զգան և այդ պլաստիկը ոչ թե պատուհանից դեն նետեն, այլ այս աղբարկղերում»:
Նախատեսվում է ամենաքիչը 50 նման խելացի աղբաման տեղադրել միայն Երևանում: Սարքը կընդունի բոլոր տեսակի պլաստիկ ապրանքներ, բացի պենոպլաստից: Թափոնները կվերամշակվեն հայկական ընկերություններում: Հայաստանում շատ վերամշակող ընկերություններ կան, սակայն դրանք չունեն համապատասխան քանակությամբ հումք, քանի որ ոչ մի բան չի տեսակավորվում՝ ասում է Հայկ Կազարյանը:
«Հիմնադրամն արդեն մեկ տարի է համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ: Սկսել էինք « Քլին լենդի» հետ, իրենք վերամշակում են պլաստիկը և դարձնում փոքր հատիկներ, որն էլ արտահանվում է Ռուսաստան և դառնում՝ պոլիէսթեր: Բայց կա 4-րդ գյուղում գործող «Արմ պլաստ» կազմակերպությունը, և այս հավաքագրվածն ուղարկելու ենք իրենց: Իրենք սրանից ստանալու են կախիչներ, սավոկ, ծաղկաման, պլաստիկից տարբեր իրեր»:
Բնապահպանական տարբեր ծրագրեր իրականացնող բարեգործական հիմնադրամի ծրագրերում է նաև պլաստիկ վտանգավոր թափոններից Սևանի մաքրումը:




