ԿարևորՀասարակություն

Տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման ծավալը տարեցտարի ավելանալու է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գաղտնիք չէ, որ համայնքային զարգացման ծրագրերում էական նշանակություն ունեն ենթակառուցվածքները,  սակայն երբ անդրադառնում ենք հանրապետության տեղական նշանակության շուրջ 4000 կիլոմետր ճանապարհների որակին, ակնհայտ է դառնում, որ պատկերը, մեղմ ասած, ամենևին խոստումնալից չէ։

Հանրապետության տրանսպորտային ցանցը կազմված է  երեք հիմնական ուղղությունից.հանրապետական, միջպետական ու տեղական նշանակության ճանապարհներ։

Մեր թիրախում այսօր վերջին ուղղություն է, քանի որ տեղական նշանակության կամ, ինչպես ավելի հաճախ անվանում են, միջմարզային ու միջհամայնքային ճանապարհները ամենաանմխիթար վիճակում են։ Խնդիրն ավելի բարդ է բարձր լեռնային շրջաններում։

Հենց վերջերս Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բարձրադիր մի քանի գյուղեր այցելեցինք, այդ թվում՝ Տաշտուն։ Տեղի վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանն ասաց, որ ճանապարհի պատճառով ձմռան ամիսներին գյուղն աշխարհից  ընդհանրապես մեկուսանում է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Դավիթ Քարտաշյանի տվյալներով, հանրապետությունում տեղական նշանակության ճանապարհները կազմում են շուրջ 4000 կիլոմետր։ 2019-ի  բյուջեով նախատեսված է հիմնանորոգել շուրջ 27 կիլոմետր, որից վեցը նախատեսված է ավարտել 2020 թվականին։ 

«2020 թվականին նախատեսված է 33 կիլոմետր տեղական նշանակության ճանապարհի հիմնանորոգում։ Բացի պետական բյուջեով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները, ունենք նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող ճանապարհներ, 2019-ին նախատեսված է 50 կիլոմետրի հիմնանորոգում»։

Դավիթ Քարտաշյանի վստահեցմամբ՝ տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման ծավալը տարեցտարի ավելանալու է։ Եթե 2019-ին այդ նպատակով բյուջեով նախատեսված գումարը շուրջ մեկ միլիարդ դրամ է, ապա 2020-ին գումարը կրկնակի կավելանա։

Նկատենք, որ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը մեծամասամբ պայմանավորված է նաև ենթակառուցվածքների գոյությամբ ու որակով։ Դավիթ Քարտաշյանի խոսքով, հիմնանորոգման ենթակա ճանապարհների ընտրությունը կատարվում է տեխնիկատնտեսական վերլուծությունների արդյունքում, որոնց մեջ հաշվի են առնվում նաև վերոնշյալ ցուցանիշները։ Ճանապարհներից զատ, համայնքային կյանքի որակը պայմանավորված է նաև տրանսպորտային միջոցների սպասարկման որակով։ Այս ոլորտում պատկերը մասնավորապես Գեղարքունիքի մարզում մեզ է փոխանցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

 «Պատկերը չափազանց հեռու է բավարար լինելուց։ Սկսած նրանից, որ չի գործում ֆիքսված չվացուցակ, մարդիկ ուղղակի լցվում են ու հետո մեքենաները շարժվում են։ Որքան դա կտևի, ոչ ոք չի կարող ասել։ Մարդիկ նաև դժգոհում են, որ ոչ բոլոր համայնքներից տեղափոխող տրանսպորտ կա»։

Ըստ պատգամավորի, տրանսպորտային խնդիրը սրվել է հատկապես համայնքների խոշորացումից հետո, երբ մի քանի փոքր համայնքներ միավորվել են մեկ մեծ համայնքի շուրջ։  «Փոքր համայնքներից մեծ համայնք տեղափոխվելն այսօր լրջագույն խնդիր է, տրանսպորտ պարզապես չկա։ Մարդիկ ստիպված են օգտվել տաքսիների ծառայությունից, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է բնակիչների համար»,- ասում է պատգամավորը։

Կարդացեք նաև

Back to top button