ԿարևորՀասարակություն

Վարչապետերը գալիս ու գնում են, նրանք՝ մնում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մեր այսօրվա հերոսներից մեկը շուրջ 5 տասնամյակ աշխատում է կառավարության շենքում՝ վարչապետերը եկել եւ գնացել են, իսկ Սմբատ Ղուկասյանը 1972 թվականին մտավ կառավարության շենք և մնաց այնտեղ աշխատելու:  Փոխել է 18 վարչապետ, Նիկոլ Փաշինյանը՝ 19-րդն է:

— Առաջին վարչապետը եղել է Բադալ Մուրադյանը: Նրանից հետո Ֆադեյ Սարգսյանը եկավ, այն նրանց հետ սկսել եմ:

— Այդքան վարչապետ եք տեսել, ումի՞ց եք ամենատպավորվածը:

— Հենց ինքը՝ Բադալ Մուրադյանը: Ժողովրդավար մարդ էր: Մի քիչ լավ էր Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, ամենաերկար վարչապետն ինքն է եղել՝ 7 տարի աշխատել է: Իրենից էլ վատ բաներ չենք լսել, չենք տեսել, լավ էր: Բայց Բադալ Մուրադյանը ժողովրդավար էր: Դրա համար էլ ինքը դուրս եկավ, չհամբերեց, նեղեցին իրեն: Այն ժամանակ Կենտկոմ կար, մի 2-3 քարտուղար նեղեցին ու ինքը դուրս եկավ: Ինքն է եղել ժողովրդավար, մեկ էլ՝ հիմա Փաշինյանը: Մնացածը՝ սենց էլի: Ամեն վարչապետ աշխատել է 1-3 տարի:  Դարբինյանից սկսած Բագրատյանով վերջացրած:

«Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատակից Սմբատ Ղուկասյանն իր կարիերան սկսել է ցրիչի աշխատանքով: Ասում է՝ ինչ էլ հանձնարարեին՝     պետք է կատարեր: Այժմ մատակարարման բաժնի պետն է, նաեւ պատասխանատու է կառավարության շենքի բոլոր վերելակների անխափան աշխատանքի համար: Ստացվում է՝ տեղյակ է, թե որ վարչապետը, որ վերելակից է նախընտրել օգտվել: Գործող վարչապետի սովորություններին նույնպես արդեն տեղյակ է:

«Վերելակին անընդհատ պետք է հետեւենք՝ չնայած վարչապետը վերելակից չի օգտվում: Բայց, երբ կառավարության նիստ է լինում, երրորդ հարկից հինգերորդ հարկ արդեն վերելակով է բարձրանում: Իսկ 1-ից 3-րդ ոտքով է բարձրանում: Մեկ տարի է աշխատում է, մենք դեռ դժգոհ չենք: Կրճատումներ չի արել մեր հիմնարկում, մեր սպասարկման ոլորտում: Զգում է, որ աշխատում ենք տեղը տեղին: Ծանոթ չի, բարեկամ չի: Ինքն էլ է փորձում լավ աշխատել, եթե ավելորդ բան չխոսեն՝ լավ կլինի»։

Կառավարության շենքում աշխատելը իբրեւ առավելություն է դիտվում կողքից՝ հարեւան-բարեկամ շրջապատում: Ինքը՝ Սմբատ Ղուկասյանը, երբեւէ չի փորձել օգտվել «վեեւրներին» մոտ լինելու կարգավիճակից: Աշխատասիրությունից բացի նաեւ դա է դիտարկում որպես աշխատանքային երկարակյացության գաղտնիք:

— Շատ են դիմել, անգամ եղբայրս, աշխատանքի համար: Բայց ես չեմ ուզում ինձ մոտիկ, իմ հարեւան, ինձ բարեկամ բերեմ:

— Դա նույնպե՞ս երկարակյացության գաղտնիքներից է:

— Ես 4 եղբայր ունեմ, կարող էի նրանց բերել աշխատանքի որպես բանվոր, առեւտուր անող, մի գործով կբերեի: Իմ երեխաներին կբերեի աշխատելու, 4 երեխա ունեմ, բայց դե չեմ ուզել: Իրենց վատը որ տեսնեմ, ես էլ կվատանամ:   

Աշխատանքային երկարակյացության գաղտնիքներին տիրապետում է նաեւ մեր մյուս հերոսը: Ռուզաննա Գրիգորյանը կառավարական շենք աշխատանքի է անցել 44 տարի առաջ՝ 1975 թվականին: Կառավարության 1-ին շենքի 2-րդ մասնաշենքի նիստերի դահլիճի մաքրության եւ գույքի պատասխանատուն է, ավագ տնտեսուհի: Մելիք Ադամյան փողոցից մուտք ունեցող այն դահլիճին է հետեւում, որտեղ ընթացել են վերջին 3 տասնամյակի կարեւորագույն քաղաքական իրադարձությունները: Պարտականությունները կատարում է անթերի։ Դա է պատճառը, որ մի քիչ անհարմարությամբ է վերհիշում իր եւ Արամ Մանուկյանի հանդիպումը:

«Շենքը շատ գեղեցիկ է, ուղղակի վերանորոգման կարիք ունի: Ամեն անգամ ներս մտնելուց նոր բան են նկատում այդ քանդակների մեջ: Շատ գեղեցիկ է: Ամենակարեւորը՝ Հռչակագիրն էր. 1990 թվականին այդտեղ է ընդունվել: Արամ Մանուկյանն է կարդացել: Մի անգամ Արամ Մանուկյանը եկավ դռան մոտ, դե իրավունք չունենք մենք իրենց ներս թողնենք: Ասում է՝ գիտե՞ս ես ով եմ: Ասացի, որ շատ լավ եմ ճանաչում, բայց չեմ կարող, ինձ ներող եղեք: Ուզում էր ներս մտնել, իսկ ես իրավունք չունեի իրենց թույլ տալ ներս մտնել: Համապատասխան փաստաթուղթ պետք է լինի դրա համար»:

Տիկին Ռուզաննան աշխատանքային հանդիպումներ ունեցել է տարբեր քաղաքական գործիչների հետ, երբ նրանք ցանկացել են կուսակցական հավաքները կազմակերպել հենց Մելիք-Ադամյանի կառավարական դահլիճում:

– Բոլոր կուսակցությունների ժողովները մեծամասամբ մեր շենքում է եղել՝ Բարգավաճը, Օրիաց Երկիրը, Սասնա Ծռերը, անցած տարի 4-5 այդպիսի հավաք եղավ մեկ ամսում:

— Ինչ կուսակցություն ասեք տեսել եք:

— Պատկերացրեք առանձին-առանձին ամեն մեկը լավ մարդիկ են: Վերջին ժողովը եղել է պարոն Փաշինյանինը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Դրանից հետո մեկ երկու հատ էլ եղել է եւ դրանից հետո ոնց որ դադարել են:

— Հանդարտվել է քաղաքական դաշտը:

— Այո: Այդպես կարելի է ասել:

— Շատ գործիչների հետ մոտիկից եք շփվել:

— Երբ գալիս են գրություն են տանում, որ արդեն ժողով պետք է լինի: Շատ շատերը հրավիրել են՝ կգաք մեզ մոտ: Վերջում, օրինակ՝ Սասուն Միքայելյանն էր: Շատ ջերմ, շատ հարազատորեն: Երկրապահի ղեկավար ընտրվեց: Շատ հարցեր եղավ իր հետ, ժողովուրդը շատ էր, կազմակերպական շատ բաներ եղավ, որ պետք է օգնեինք՝ դահլիճում տեղավորվելու, միկրոֆոնի , մաքրության հարցերն էին: Այդ բոլորը ես պետք է կազմակերպեի եւ միշտ էլ կազմակերպել եմ ինչ որ պետք է եղել:

600 հոգանոց դահլիճում յուրաքանչյուր հավաքից հետո «վիրավորվում» է 5-6 աթոռ, ասում է տիկին Ռուզաննան: Դահլիճի ոչ մի թերություն չի վրիպում նրա աչքից: Աշխատանքային տասնամյակների ընթացքում չի բացակայել անգամ 4 անգամ, թեեւ ունեցել է ընտանիք եւ երեխաներ: Աշխատասիրությունը համարում է աշխատանքային երկարակյացության գաղտնիքներից հիմնականը:

«Հենց առաջին օրվանից ինձ շատ է դուր գալիս այդ աշխատանքը: Չեմ պատկերացրել, որ կարելի է այստեղից տեղափոխվել: Այստեղից  ուրիշ ավելի լավ տեղ ու՞ր պետք է տեղափոխվեմ, սա առաջին հիմնարկն է: Շատ լավ հիմնարկ է, ամեն ինչով: Մեր շենքում վատ բան չի եղել, ոնց Աժ-ում: Շատ լավ շենք է»:

Սրտացավ տնտեսվարուհին այժմ մտահոգված է շենքի ապագայով: Խնդիրն այն է, որ մի քանի տարի առաջ ուժեղ ցրտերի պատճառով շենքի ջրահեռացման խողովակները սառչել էին եւ դրա պատճառով խոնավությունն անցել էր շենքի ներսը: Ափսոսում է եւ հույս փայփայում, որ պատմական բազում իրադարձությունների ականատես պատմական շենքը նույնությամբ եւ նույն տեսքով կկարողանան փոխանցել հաջորդ սերունդներին:   

Կարդացեք նաև

Back to top button