
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Այս տարի Հայաստանն ու Վրաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը։ Երկու երկրներում կարծում են, որ այս տարիներին մեր ժողովուրդների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ դառնալով աշխարհում եզակի ու օրինակելի։
Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել արդեն մեկ տարի անց՝ 1993 թվականից: Երկու երկրների դիվանագիտական հարաբերություններն այսօր բարձր մակարադակ վրա են, պնդում են դիվանագետները՝ նաև ընդգծելով, որ վերջին շրջանում հաճախակի դարձած փոխայցելություններն էլ ավելի են ամրապնդում դրանք։
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյան. «Իրապես մեր հարաբերությունները այս պահին գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»։

Անշուշտ, որոշ խնդիրներ կան, բայց դրանք լուծելի են` ասում է Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան, այժմ Վրաստանի խորհրդարանի նախագահի խորհրդական Թենգիզ Շարմանաշվիլին՝ ընդգծելով, որ Հայաստանից վերադարձել է՝ հասկանալով, երբևէ առկա խնդիրները չեն կարող ստվեր գցել երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների վրա. «Երկու ժողովուրդները, որ կապված են ջերմ, դարավոր բարեկամական կապերով, անկախ իշխանությունների փոփոխություններից, զարգացնում ու ամրապնդում են մեր հարաբերությունները։ Այնպես, որ ես ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի են արդեն, որ կառավարություններն այսօր կարող են միայն օգնել դրանց»։
Մեր ներկա հարաբերությունների հիմքում մեր նախնիների դարերով կառուցած փոխհարաբերություններն են, ինչին մենք պետք է զարգացման նոր թափ հաղորդենք։ Ասում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-վրացական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկին՝ ընդգծելով, որ այդպես էլ կա՝ հետհեղափոխական Հայաստանի իշխանություններն առաջնային տեղում են դրել Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչին պատասխանում է Վրաստանը:
«Սա մեր ձեռքբերումն է, որին դարերով ենք հասել։ Վերջին շրջանում մեր դիրքորոշումները որոշ հարցերում ու բանաձևերի շուրջ թեև չեն համընկնում, սակայն մեր բարիդրացիական, ազգամիջյան ու քաղաքական հարաբերությունները այնքան հզոր են, որ ես չեմ կարծում, թե աշխարհում երկկողմ հարաբերությունների նման օրինակ գոյություն ունի»։

Հայ-վրացական բարեկամությունն այսօր չի ձևավորվել, դարերի պատմություն ունի, և այսօր մենք խնդիր ունենք այն պահպանելու՝ ասում է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ընդգծելով, թե Վրաստան իր այցի ընթացքում ինչ ուղերձ է փոխանցել վրացի գործընկերներին.
«Հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ լինեն տարբեր տեսակի աշխարհաքաղաքական ազդեցություններից։ Կողմերը երբևէ չպիտի կարճաժամկետ արդյունքների պատճառով որևէ կերպ վտանգեն հայ-բարեկամական հարաբերությունները։ Ես կարծում եմ այդ գիտակցումը կա և Վրաստանում, դա վերհաստատվեց, այնպես որ հայ-վրացական հարաբերություններն այսօր շատ ապահով պայմաններում են»։
Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիգա Բոկերիա.
«Մեր երկրներն ու ժողովուրդները տևական պայքար են տարել ազատության և անկախության հասնելու ճանապարհին, ուստի սա արդեն ձեռքբերում է, որ մենք երկու անկախ ու բարեկամ երկրներ դիվանագիտական հարաբերությունների 27 տարվա պատմություն ունենք։ Առջևում, սակայն լուրջ մարտահրավերները դեռ կան, բայց վստահ լինենք, որ մեր տարածաշրջանը՝ մեր երկու երկրները, կկարողանան դրանք հաղթահարել՝ արժանապատիվ կյանք պարգևելով բոլորիս»:
Վրաստանի խորհրդարանի իշխող կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը նշում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր հարցերը լուծելի են, երկու երկրների պաշտոնյաներն այսօր այդ ուղղությամբ խիստ մեծ գործ են անում՝ «վարչապետների աննախադեպ թվով հանդիպումներ վերջին մեկ տարում»։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին վերջում հավելում է, հարցեր կան, լինում են, սակայն Վրաստանը Հայաստանի համար խնդիրներ չի ուզում ստեղծի։




