ԿարևորՀասարակություն

Ամուսնացե՛ք հայաստանցի աղջիկների հետ. Փաշինյանի կոչը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի հերթական կանգառը  Նյու Յորքն է,  որտեղ Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է  հայ համայնքի  հետ: Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարից բավարարված չէ:   

Այստեղ հարցերի ու հայտարարությունների հիմնական առանցքում Հայաստանի տնտեսական զարգացումներն են եղել: Փաշինյանը ամերկահայերին կոչ է արել  տարվա մեջ գոնե մեկ ամիս ապրել Հայաստանում,  դիմել ու  ստանալ ՀՀ քաղաքացիություն, բնակարան գնել  Հայաստանում:  Կոչ է արել նաև  բիզնես ունենալ Հայաստանում: Իսկ ամենակարևորը՝  ամուսնանալ հայաստանցի աղջիկների հետ:

Հայաստանի զարգացման հինգ կարևորագույն  թիրախները մեկում՝ պետական  կառավարման  որակի բարձրացում: Բանաձևը վարչապետինն է, ինչի մասին նա Նյու Յորքում հայտարարեց:

Վստահեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում փոխզիջում չի լինելու, խոստովանեց՝ բավարարված չէ այդ  պայքարի մակարդակից:

Կառավարության հիմնական ջանքերն ուղղված են մարդկանց կյանքի որակը փոխելուն՝ ասաց:

Տնտեսությունը  խնդիրներ չունի, զարգանում է։ Կառավարության ղեկավարի կանխատեսմամբ, տարին կփակենք մոտ 7 տոկոս տնտեսական աճով: Ակնկալում են, սակայն, ավելին՝ երկնիշ աճ: Այս դեպքում միայն բաց թողնվածը հետ վերադարձնելու հնարավորություն կլինի. 

«Այսօր ՀՀ բյուջետային միջոցներով հնարավորություն կա այն ծավալների ճանապարհ կառուցել, որ վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը նվիրել է: Կես տարում մոտ 120 մլն դոլարով բյուջեն գերակատարել ենք»:

Միջազգային պահուստներն են ավելացել, Փաշինյանի ձևակերպմամբ՝ աննախադեպ։ Գլխավոր դրամատունն էլ մեծ քանակությամբ արտարժույթ է գնել.

«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ԿԲ 400 մլն դոլար է գնել շուկայից»:

Փաշինյանը խոսեց նաև գործազրկությունից, թափուր աշխատատեղերից ու արդյունաբերական գյուղատնտեսությունից: Հայտարարեց՝ նաև որակյալ մասնագետների լուրջ կարիք կա: Հիշեց «Ձյունիկ սառնարան»- ում հրդեհը, որտեղ մեծ քանակության սնունդ էր պահվում: Հարյուրավոր տոննաներով փչացած մսամթերքը պետք էր այլ վայր տեղափոխել. «Հնդկաստանի քաղաքացիները արեցին այդ աշխատանքը»:

Ամուսլարի մասին ԱՄՆ-ում արդեն երրորդ անգամ խոսեց կառավարության ղեկավարը՝ լիարժեք պետք է ազնիվ լինենք  այդ հարցում՝ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետ:

Ինչպես Լոս-Անջելեսում, այնպես էլ Նյու- Յորքում Փաշինյանը ամերիկահայերին կոչ արեց տարվա մեջ գոնե մեկ ամիս ապրել Հայաստանում, դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն, բնակարան գնել Հայաստանում։ Կոչ է արեց նաև  բիզնես ունենալ Հայաստանում:

Իսկ ամենակարևորը՝ ամուսնանալ հայաստանցի աղջիկների հետ:

Վարչապետի այցը կամփոփվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթով: Այն նախատեսված էայսօր՝ Նյու Յորքում ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ին):

Կարդացեք նաև

Back to top button