ԿարևորՀասարակություն

Այսօրվանից մեկնարկում են լայնածավալ ռազմավարական զորավարժությունները

Կարեն Ղազարյան
Ռադիոլուր

Այսօր հայկական երկու հանրապետություններում մեկնարկում են աննախադեպ լայնածավալ զորավարժություններ: Դրանք կանցկացվեն մինչեւ հոկտեմբերի 5-ը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հայտնեց, որ նման մասշտաբի զորավարժություն չի եղել, և այն Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում է:

Ինչո՞վ է պայմանավորված զորավարժությունների ընտրության ժամանակահատվածը, ի՞նչ սցենար է խաղարկվելու, ի՞նչ զորատեսակներ են ընդգրկված «Ռադիոլուրը» փորձել հստակեցնել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժության ընթացքում ՊՆ վարչական համալիրում կգործի տեղեկատվական կենտրոն:

Կարդացեք նաև

Back to top button