
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ կանցկացվեն։ Այս մասին որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Ուսումնավարժական հավաքները և պարապմունքները կրում են ռազմավարական զորավարժությունների բնույթ:
Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:
«Այս մասշտաբի զորավարժություն չենք ունեցել, բայց ամենակարեւորը, որ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակների եւ ներգրավվող միջոցների առումով: Մարտական ուսումնական հավաքներին ներգրավվող անձանց ընդամենը 6 տոկոսն է ներգրավվելու զորավարժություններին 3-5 օրով: Մնացած 94 տոկոսը ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ: Այդ 6 տոկոսը տեղեկացված է, սննդի եւ մյուս հարցերը լուծված են»,-ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Շատ մեծ մասշտաբային միջոցառում է նախապատրաստվում: Այդ օրերին մեր քաղաքացիները կտեսնեն, կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ եւ հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք օրենքով սահմանված պարտականություն ունեն, նաեւ պետք է ներգրավվեն: Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացին: Սա մեր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Սա պլանային աննախադեպ միջոցառում է»:




