
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կենցաղում օգտագործվող ամենասովորական լամպերից մինչև լուսատեխնիկական սարքեր. առաջիկա տարիներին դրանք ԵԱՏՄ շուկայում կհայտվեն ֆոտոմետրիկ լաբորատորիայում փորձաքննություն անցնելուց հետո: Միայն թե լաբորատորիան նույնպես դեռ պետք է Հայաստանում հավատարմագրում ստանա:
Ֆոտոգոնիոմետրիկ և ֆոտոռադիոմետրիկ ընդունիչ սարքերի արժեքը միասին մոտ 100 հազար եվրո է: Հայաստանին այն նվիրել է Միացյալ ազգերի Զարգացման ծրագիրը:
Տարածաշրջանում միակ լաբորատորիայում քննություն անցնելուց հետո միայն առաջիկա տարիներին հայ սպառողներին կհասնեն կենցաղում օգտագործվող լամպերը: «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ֆոտոմետրիկ լաբորատորիայի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աբրահամյանը սարքերի աշխատանքը փորձնական է ցուցադրում.
«Փողոցային լուսավորության լամպ է, ամրացված է սարքի վրա, մեխանիկական սարքը հնարավորություն է տալիս տարբեր անկյունների տակ ստուգել նրա լուսարձակման ուժը և համապատասխան պարամետրերը»:
Տարածաշրջանում առաջինն ու առայժմ միակ ֆոտոմետրիկ լաբորատորիան դեռ պետք է հավատարմագրում ստանա՝ Հավատարմագրման ազգային ՊՈԱԿ-ում: ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը ներկայացնում է հավատարմանգրման կարգը, նաև՝ պահանջները կոնկրետ այս լաբորատորիայից, որոնց դեպքում միայն այն աշխատելու հնարավորություն կստանա

«Ղեկավարները ներկայացրեցին, որ կան դեռևս փոփոխություններ անելու: Հավանաբար այստեղ սարքավորումները պետք է տեղադրվեն՝ խոնավացման, ջերմաստիճանի, օդափոխության հետ կապված: Ընդհանուր առմամբ, ստանդարտները պահպանված են»:
Մեկ լամպի փորձաքննության արժեքը, ըստ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ֆոտոմետրիկ լաբորատորիայի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աբրահամյանի, նվազագույնը 100 ԱՄՆ դոլար կարժենա:
Կկարողանա՞ն տնտեսվարողները այդքան գումար տրամադրել՝ հարցնում եմ. «Կան լամպեր, որոնց փորձարկումը տևում է մինչև տասը օրը: Եթե մեկը ներկրում է 15-20 հազար հատ լամպ, իր համար հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչ լամպեր է ներկրում»:
ՏԿԵ նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Եղոյանի տեղեկացմամբ, նոր լաբորատորիա ունենալը ԵԱՏՄ պահանջ է։ Այս պահին նման լաբորատորիաներ ունեն ՌԴ-ն ու Բելառուսը.
«Մեր առօրյայում անորակ լամպերի հետ առնչվում ենք, որոնց վրա յոթ տարի երաշխիքային սպասարկում ունեն, սակայն, վեց ամիս հետո փչանում են»:
Շուկայի նկատմամբ վերահսկողությունը հեշտ չի լինելու՝ գիտի նաև ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Վերահսկողությունը թույլ է, քանի որ տեխնիկական կարգավորումները քիչ են, օրենսդրական բազան ամբողջությամբ ձևավորված չէ: Դրա համար միգուցե կա անորակ և պիտակներին չհամապատասխանող արտադրանք: Դրա վերահսկողության համար պետք է ունենանք առաջինը՝ լաբորատորիա և երկրորդը՝ օրենսդրություն»:
Օրենսդրական դաշտն ամբողջությամբ կձեւավորվի ութ տարում։




