
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Երեւի թե չկա մի հայ, որի մտքով գոնե մեկ անգամ չի անցել Արարատի գագաթին լինելու գաղափարը:
Այդ միտքը գուցե շատերի մոտ ծնվում է մեկ անգամ ու այդպես էլ մահանում, ոմանց մոտ այն մնում է անհաս, հեռու, ինչ-որ երազանք, ոմանք անցնում են վերելքի ճանապարհով ու հասնում բիբլիական գագաթ: Արարատի վերելքի ուղին մեկն է, ճամփաները՝ տարբեր:
Լրագրող, Mediamax-ի տնօրեն Արա Թադեւոսյանի ճամփան հազարավորներից մեկն է:
«Կանգնած էի Արարատի գագաթին ու անձայն հեկեկում էի՝ լավ է, որ քամուց պաշտպանող գլխարկ-դիմակով էի: Գրեթե 35 տարի տեւած ճանապարհորդությունն ավարտվեց, ու արդեն կարելի էր նպատակը կրկին երազանքի վերափոխել: Իրականացված երազանքի»:
2019-ի հուլիսի 26-ին լրագորղ Արա Թադեւոսյանը կանգնել է Արարատի գագաթին: Վերադարձել, գրել իր երազանքի մասին իբր սկիզբ ու պատմել իրականացված երազանքի մասին՝ որպես ավարտ:

«Ի՞նչ կարող եմ խոսել լրագրողի հետ, ով արդեն գրել է եղածի մասին,- մտածում էի դեպի Արայի մոտ տանող ամբողջ ճանապարհին: Ինչպե՞ս սկսել»:
Ճանապարհին ինձ տանջող հարցի պատասխանը չգտա, մինչեւ այն պահը, երբ մտա «Մեդիամաքսի» գրասենյակ ու տեսա Արային: Առաջին հարցը, որ եկավ մտքիս՝ ինչպե՞ս է ապրում արդեն մեկ ամսից մի քիչ էլ ավել, երբ ունի իրականացված երազանք:
Առաջին հարցը եկավ ինքնուրույն՝ ճիշտ պահին ու տեղին: Առաջին հարցին հաջորդեց առաջին դրական ալիքը՝ «շատ լավ հարց եք տալիս» նախադասության տեսքով:

«Ամենակարեւոր զգացմունքն այն է, երբ հասկանում ես, որ երազանքդ պարզապես սին չէր: Դա մի բան էր, որին ձգտել ես երկար տարիներ եւ որին կարողացել ես հասնել»:
Սուրբ Հակոբի սառցադաշտը՝ որոշիչ
«10 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի սկզբին, գագաթ հասնելու փորձս ձախողվեց Սուրբ Հակոբի սառցադաշտի մատույցներում:
10 տարի անց հայտնվեցի Սուրբ Հակոբի սառցադաշտում: Մի ուրիշ աշխարհ էր՝ վեհ, մաքուր, ժամանակի մեջ կորած»:

Տասը տարի առաջ, վերելքին նախորդող երեկոն վատն էր, քամոտ ու ձյունոտ, տասը տարի անց եղանակը հրաշալի էր:
Տասը տարի անց՝ վերջին մի քանի մետրը բարձրանալիս է Արան հասկացել ու զգացել, որ նախորդ անգամ ֆիզիկապես ու հոգեպես իսկապես պատրաստ չի եղել վերելքին:
«Այս անգամ, երբ քայլում էինք, հասկանում էի, որ ամբողջությամբ շատ լավ կոնցետրացված եմ ու պատրաստ: Գլխավոր տարբերությունն առաջին ու երկրորդ անգամների հենց դա էր»:
Վերելքը ոչ մի դեպքում չպետք է ինքնանպատակ լինի, ասում է Արան առաջին՝ ձախողված փորձի մասին խոսելիս, ինչքան էլ վեհ լինի նպատակդ, եթե իսկապես զգում ես, որ ֆիզիկապես այլեւս չես կարող գնալ, պետք է կանգ առնես:
Լեռների չգրված օրենքն է՝ վերելքը ողջ ճանապարհի միայն մի մասն է, բարեհաջող իջնել է պետք նաեւ:
Գագաթն աննկատ
Մոտ 10 մետր երկարությամբ ու 3-4 մետր նեղությամբ մի տարածք է Արարատի գագաթը՝ ոչ թարմ տեսք ունեցող սառույցով: Գագաթին մի մեծ երկաթի կտոր կա, որից ժամանակին տարբեր տեսակի սարքեր են կապված ու միացված եղել:
«Գագաթից առավել տպավորիչ էր Սուրբ Հակոբի սառցադաշտին հասնելը: Այդ սառույցի վրա կանգնելով հասկանում ես, որ այն իր մեջ հազարամյակների անփոփոխ հետքեր է պահում»:

Հ.Գ. Ես, իհարկե, կարող էի Արային կրկին հարցնել իր երազանքի մասին, նորից պատմել տալ դեպքերի այն հերթականությունը, որով անցել ու հասել է մինչեւ գագաթ: Բայց դրանք արդեն ասված էին ու գրված՝ գուցե չակերտներ բացելու տեղ թողած, բայց արդեն եղած:
Արարատի վերելքի տարբեր ուղիների մասին պատմությունների հավաքագրում անելու միտքն ինձ մոտ առաջացավ, երբ ես կարդացի Արա Թադեւոսյանի հոդվածը՝ իր վերելքի մասին: Ու պիտի խոստովանեմ, որ ինձ համար ամենադժվարը հենց նրա պատմության մասին գրելն էր՝ որպես սկիզբ ու որպես մի նոր ավարտ, արդեն իմ՝ ապագայում իրականանալիք երազանքի մասին:




