
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է Հայաստանի պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ: Ովքե՞ր են խախտում Հայաստանի սահմանը, ինչո՞ւ են սահմանախախտման դեպքերն արձանագրվում հիմնականում Թուրքիայի կողմից:
Թուրքիայի, Իրանի և Հարավային Ասիայի մի շարք այլ պետությունների քաղաքացիների կողմից հայ–թուրքական սահմանը խախտելու դեպքերը հաճախակիացել են։ Ի պատասխան սահմանախախտման դեպքերի վերաբերյալ «Ռադիոլուրի» հարցման՝ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանային վարչությունից, որը պատասխանատու է Թուրքիայի հետ սահմանի անձեռնամխելիության համար, միայն նշում են, որ հայտնաբերված բոլոր սահմանախախտներն ու տեղեկությունները փոխանցվում են Հայաստանի իրավապահ մարմիններին։ Տարածաշրջանային անվտանգության փորձագետ Կարեն Վերանյանը հաճախակի դարձած սահմանային խախտումները երկու հարթության մեջ է դիտարկում.
«Հիմնական խնդիրը, որ կարեւոր է քաղաքական եւ անվտանգային տեսանկայունից, հայ-թուրքական սահմանի անվտանգության հարցն է: Կա նաև ռուս սահմանապահների վերահսկողության մակարդակի հարցը, որը վերջին տարիներին, մասնավորապես ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մի փոքր գուցե իրենց կողմից թուլացել է, կամ էլ դեպքերի հանրայնացման մակարդակն է բարձրացել»:
Այս կերպ արդյո՞ք թուրքական կողմը փորձում է ստուգել հայ-թուրքական պետական սահմանի անվտանգությունն եւ հասկանալ՝ առհասարակ հնարավորություն կա՞ շրջանցել հայ-թուրքական սահմանի անվտանգությունը՝ գտնելով բաց տեղեր:
«Այո, փորձում է, միշտ էլ փորձեր եղել են: Հիմա շատ ավելի ակտիվացել են՝ պայմանավորված Մերձավոր Արեւելյան զարգացումներով, նաեւ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակով, ու միշտ էլ փորձելու է հասկանալ՝ ո՞րքանով է ՀՀ-ը կարողանում գնահատել իր սահմանային անվտանգությունը, որքանո՞վ է թուրք-ռուսական մերձեցումը՝ ռազմավարական, ռազմաքաղաքական տեսանկյունից ազդում ՀՀ-ում ռուս սահմանապահների գործունեության վրա, որքանո՞վ են հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորվում ՀՀ-ում ռուսական ռազմական կապատալի արդյունավետութամբ: Հարցեր են, որոնք անընդհատ փոխակերպման եւ փոփոխման տրամաբանության մեջ պետք է դիտարկել»:

Թուրքագետները, վերլուծելով Անկարայի՝ սահմանային անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները, նշում են, որ թուրքական կողմն այսօր գերժամանակակից անվտանգային միջոցներ է կիրառում պետական սահմանը հսկելու առումով: Հայաստանը նույնպես պետք է ռուսական կողմին պահանջ ներկայացնի, որ 280 կմ երկարություն ունեցող հայ-թուրքական պետական սահմանը հսկող տեխնիկական սարքերն արդիականացվեն, ներդրվեն ժամանակակից սարքավորումներ, որը կկարճատի մարդկային ռեսուրսի ներգրավումը եւ ավելի կբարձրացնի անվտանգության մակարդակը:
Ըստ Կարեն Վերանյանի՝ փորձագիտական շրջանակաները քննարկում են նաեւ ՀՀ-ում ռուս սահմանապահների գործունեությունը որոշակիորեն սահմանափակելու հարցը:
«Փոխհամաձայնության տարբերակով, իհարկե, քայլեր կձեռնարկվեն, որտեղ անհրաժեշտություն չլինի, ռուսական կողմը հայկական կողմին կփոխանցի սահմանային անվտանգության ապահովման որոշ հարցեր»:

Ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանի հետ Հայաստանը չունի սահմանի խոցելիության խնդիր: Այստեղ հիմնականում թմրամիջոցների տարանցման դեպքեր են արձանագրվում: Թուրք-հայկական եւ իրանա-հայկական սահմանների անվտանգության ապահովման տեսանկյունից տարբերությունները ակնհայտ են եւ անհամադրելի՝ ասում է փորձագետը:
«Թե իրանական, թե հայկական կողմը ավելի լավ են վերահսկում սահմանը, եւ խոցելիության մակարդակը ավելի ցածր է, այսինքն ապահով է>:
Ովքեր են հիմնականում սահմանխախտները: Ըստ Վերանյանի՝ սահմանահատումները կարող են ունենալ տարաբնույթ պատճառներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական։ Այդուամենայնիվ, ըստ փորձագետների ՀՀ-ի սահմանային անվտանգության բարձր մակարդակի վրա է, բայց չէր խանգարի արդիականացման բարձրացումը:




