
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Գյումրեցի անօթևաններին տնակից տուն ուղեկցելու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հերթական բարեգործական նախաձեռնությունը նորից բարի գործի շուրջ համախմբեց հասարակությանը:
Տարիներ առաջ Հայ Առաքելական Եկեղեցու սոցիալական կրթական կենտրոնի երիտասարդներն իրենց ձեռքով բացիկներ էին պատրաստում և մեկ բացիկը մեկ դոլարով վաճառելով, կոպեկ առ կոպեկ համաքաղաքացու համար տան փող հավաքում: Այս անգամ Գյումրիի քաղաքապետարանի շենքի հյուսիսային պատին 15 000 կտորով հսկայական խճանկար են հավաքելու:
«Պրոյեկտն ի սկզբանե շարունակությունն է 1 բացիկ 1 բնակարան ծրագրի»,-ասում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանը:

Նկարի հեղինակը գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանն է:
«Փազլի համար նախատեսված այս նկարը, որ կոչվում է «Խոստացված մատաղ», տատի ու պապի մատաղն է թոռնիկներին»,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը:
«Խոստացած մատաղ»- ը խճանկարի 15 000 կտորները հավաքելու են բարի կամքի տեր քաղաքացիները, 1 մասնիկը գնելով 1000 դրամով: Ի դեպ խճանկարի առաջին մասնիկները Նիկոլ Փաշինյանն է դրել: Խճանկարի վերջին մասնիկն էլ են վարչապետի համար պահել:

«Սա Նիկոլ Փաշինյանի անվանական մասնիկն է, հուսով ենք որ Սեպտեմբերի 21-ին գալու է և իր ձեռքով դնի»,-ասում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրենը:
Գյումրին շուրջ 2500 տակից ազատելու համար պետական մոտեցումից բացի հասարակական համախմբումն էլ մեծ դեր կունենա, յուրաքանչյուրը 1 մասնիկ ձեռքբերելով իրեն զում է ամբողջի մասնիկն ու գեղանկարի գույներից մեկը:

«Ես իմ բարության մի մասնիկն եմ թողնում այստեղ, յուրաքանչյուր Գյումրեցի իր հոգուց մի մասնիկ թողնելով, մենք տնակներից կտեղափոխվենք բնակարան»,- ասում է «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր Եպրաքսիա Մեխակյանը:
Ազգային ժողովում աշխատանքային օրն ավարտելով նախաձեռնությանը միանալու էին շտապել գեղեցիկ սեռի պատգամավորները: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիններից է.
«Մենք կփորձենք սրանով վարակել մեր մյուս գործընկերներին, պատգամավորներին, ովքեր հուսով եմ կմիանան»:

Այսօր առավոտից նոր մարտահրավեր է մեկնարկել՝ «տնակից տուն մեկ քայլ է» կարգախոսով :
«Այս պահին նախաձեռնության կարևորությունը նրանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի սոցիալական ցանցերի միջոցով, անձնական ընկերական միջավայրում հորդորի իր ընկերներին, Հայաստանում և սփյուռքում կոչ անի միանալ նախաձեռնությանը և գնել մեծ կտավի իր մասնիկը»,- ասում է Գյումրիի քաղաքապետարանի մշակութի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասնյանը:
Մինչև սեպտեմբեր Գյումրիի Սուրբ Յոթ Վերք և Ամենափրկիչ եկեղեցիների հարևանությամբ փոքրիկ մասնիկներով կամբողջանա Սուսաննա Մկրտչյանի «Խոստացված մատաղ» կտավը: Հասույթն էլ գյումրեցի տնակաբնակներին նոր կյանքի ուղեգիր կդառնա:




