ԿարևորՏնտեսական

Կոռուպցիոն ռիսկեր՝ բյուջեում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հեղափոխությունից անմիջապես հետո նոր կառավարությունը կանգնեց նոր խնդրի առաջ՝ հաջորդ տարվա ՝ 2019-ի բյուջեն պետք է ամբողջությամբ  կազմվեր նոր՝ ծրագրային բյուջետավորման սկզբունքով: Բյուջեն ձեւավորվել է, հատկացումներն արվել են, իսկ տարբեր կառույցներ դեռ ուսումնասիրում են ծրագրված և փաստացի ցուցանիշները:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը վերջին շրջանում խոշորացույցի տակ է առել արդարադատության ոլորտի հատկացումներն ու ծախսերը: Հետագայում ուսումնասիրելու են նաեւ մյուս ոլորտները: Այն, ինչ հայտնաբերել են առաջին եռամսյակում,  արդեն մտահոգիչ են համարում՝ կան կոռուպցիոն ռիսկեր:  

2019-ին քրեակատարողական հիմնարկներին պետությունը հատկացրել է նույնքան ֆինանսավորում, որքան նախորդ տարի: Պետբյուջեի այս տողն արդեն վիճահարույց է:  Թվերն ուսումնասիրել է հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը:  

 «Դատապարտյալների թիվը 4 հազար է եղել նշված, սակայն 2019-ի համար այդ թիվը կարող էր ավելի քիչ լինել, քանի որ անցած տարվա համաներման արդյունքում բավականին նվազել է, սակայն, արդարադատության նախարարությունը 2019-ի համար կրկին գրել է այդ նույն՝ 4000 դատապարտյալների թիվը, որը նախկինում էր՝  ստանալով գումար հենց այդքան դատապարտյալի համար»,- ասում է փորձագետը:  

Այս թիվը հենց սկզբից պետք է շատ ավելի պակաս պլանավորվեր, քանի որ բյուջեի հաստատմանը նախորդել էր «մեծ համաներում» կոչվածը: Այս տարվա բյուջեն հաստատվել է ուշացումով՝ 2019-ի մարտին, մինչդեռ 2018-ի հոկտեմբերին՝ մինչեւ համաներումը հայտնի էր, որ Հայաստանում դատապարտյալների թիվը գրեթե 2 անգամ պակաս է բյուջեում ներկայացված թվից: Հստակ վիճակագրություն 2018-ի հոկտեմբերին ներկայացնում էր այն ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:    

 «Այսօր ՔԿ-ներում կալանավորների եւ դատապարտյալների քանակը հասնում է 2930-2940-ի: Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել»,- նշում է նախկին նախարարը:

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների՝ երբեւէ առավելագույն ցուցանիշի մասին խոսելիս նախարարը նշել է 3800-ը: Անգամ սա այն 4 հազարը չէ, որն ամրագրվել է բյուջեում: Փորձագետների գնահատմամբ՝ այս ամենը, հնարավոր է, իներցիայի հետեւանք է: Փորձագետ Սարգիս Նասիբյանի կարծիքով՝  նույնը վերաբերում է բյուջեի հաշվետվություններին:

 «Նախկինում ինչպես է եղել բյուջետային կատարողական հասկացությունը, որը հաստատում է ԱԺ: Եղել է X գումար, այդ գումարից 90 կամ 98 տոկոսը ծախսվել է՝ բյուջեն կատարվել է: Մինչեւ հիմա բյուջեի կատարումը հասկացվել է գումարը ծախսելով: Բայց պետք է բյուջեի կատարումը նայենք այն առումով, որ այդ գումարը ծախսելու դիմաց ինչ արդյունք է քաղել հասարակությունը: Արդյո՞ք պետք էր այդ արդյունքը հասարակությանը, արդյո՞ք հասարակությանը պետք էին այն միջոցառումները, որ կատարվել են»,- ասում է Նասիբյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ծրագրային բյուջետավորման խնդիրները գնահատում է իբրեւ բացթողում՝ հեղափոխությունից անմիջապես հետո բավարար ռեսուրսի պակաս: Փոփոխությունների քաղաքական կամքը տեսնում է, բայց ծրագրային բյուջետավորման փաստաթղթերում կոռուպցիոն ռիսկերը՝ նույնպես.

 «Բյուջեն ձեւով ծրագրային է, բովանդակությամբ՝ ոչ: Դա մեկ: Երկրորդը՝ տարբերություններն արդեն ասում են, որ ցուցանիշների պլանավորումը եղել է ձևական: Եվ երրորդ խնդիրը, որ 2020 թվի բյուջեի նախագծում մենք տեսնում ենք՝ մենք չունենք, թե  ինչ օգուտներ   են հանրությանը տալիս պետական կառույցները: Այսինքն՝ ինչ լրացուցիչ արժեք է ստանում հանրությունը այս ծառայություններից: Ուղղակի հին մտայնությամբ շարունակվում է այն մոտեցումը, որ կա այսքան աշխատող, այսքան դատապարտյալ, ամեն դատապարտյալին՝ այսքան գումար, ամեն աշխատողին՝ այսքան աշխատավարձ, գումարում են, ստանում են ինչ-որ մի գումար: Այսինքն՝ այն, ինչ տարիներով եղել է տողային բյուջետավորման ժամանակ»,-Հոկտանյան:

Ծրագրային բյուջետավորումը որպես կանոն օգտակար է ճգնաժամային պայմաններում: եղած գումարները ճիշտ եւ թիրախային օգտագործելու հմտությունն է.  

«Երբ տնտեսական ճգնաժամ է,  առաջանում է խնդիր, որ բյուջեի ամեն կոպեկը ծախսվի նպատակային: Մենք չպետք է առանց այն էլ փոքր բյուջեի փողերը ուղղակի ցփնենք: Մենք պետք է խնամքով ծախսենք ամեն կոպեկը: Շատ կարեւոր է դառնում նպատակաուղղված լինեն ծախսերը, որի արդյունքում հասարակությունը ստանա օգուտ»,- ասում է հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

Բյուջետային ֆինանսավորման խնդիրների շուրջ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ակնկալում է համագործակցություն ԱԺ-ի համապատասխան՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի հետ: Հարկատուների գումարներն ավելի   պատասխանատու ծախսելու համար մասնագետները հրատապ են  համարում ուսումնասիրությունների արդյունքում պարզված խնդիրները լուծել մինչեւ հաջորդ տարվա բյուջեի հաստատումը:

Կարդացեք նաև

Back to top button