ԿարևորՀասարակություն

Երևանի բոլոր դպրոցները կանցնեն համընդհանուր ներառման

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներում այսօր սովորում են շուրջ 6000 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

Եվս 2000 երեխա շարունակում է սովորել հատուկ դպրոցներում: Սեպտեմբերից այս երեխաները նույնպես կտեղափոխվեն հանրակրթական դպրոց: Ի՞նչ ռիսկեր են հաղթահարվել համընդհանուր ներառման անցնելու ճանապարհին և ի՞նչ նոր խնդիրներ են հնարավոր:

Ընդամենը 1 ամսից  Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներն իրենց դռները կբացեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների առաջ:  Երևանի 155 դպրոցից 54-ում արդեն  մի քանի տարի ներառական կրթությունն իրողություն է, և այս տարիների ընթացքում ձեռք է բերվել փորձ մյուս դպրոցներին նույնպես համընդհանուր ներառմանը ներգրավելու համար:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը չի ժխտում՝ դեռևս խնդիրներ և որոշ թերություններ կան, բայց, ընդհանուր առմամբ, Երևանը պատրաստ է բոլոր դպրոցներում ներառական կրթությանն անցնելուն:

«Այժմ մենք հատուկ դպրոցներից երեխաներին տեղափոխում ենք հանրակրթական դպրոցներ: Շուրջ 300 երեխայի մասին է խոսքը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երբևէ նման ներգրավվածություն չի ունեցել, խոստովանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը: Թեև նախարարությունը տարիներ շարունակ  լուրջ  ռեսուրսներ է ուղղում  հատուկ դպրոցներին,  բայց արմատացած խնդրները հատուկ հաստատություններից այդպես էլ չեն վերանում: Ընդհակառակը,  ավելանում են՝ խոչընդոտելով երեխայի  ներդաշնակ զարգամցմանը: Նախարարությունն այս պահին ապաինստիտուցիոնալացման ռազմավարություն է մշակում, որը նաև այդ հարցերին կանդրադառնա: Իհարկե, ողջունելի է պետական կառույցների արմատական մոտեցումն այս հարցում, բայց սա երկար և բարդ գործընթաց է, որի ճանապարհին լուրջ խոչընդոտներ են սպասվում:  Դրանցից մեկն էլ մասնագիտական պահանջվող որակներն  են՝  նկատեց կրթության փորձագետ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ասոցիացիայի հիմնադիր անդամ Հայկ Դավեյանը:

«Ովքե՞ր են աշխատում դպրոցներում: Արդյոք իրենց կարողություներն ու հմտությունները ճանաչվա՞ծ են: Հանրությունը խնդիր ունի վստահելու այն մարդկանց, որոնք աշխատելու են իրենց երեխաների հետ:  Ըստ էության սա է ամենամեծ ռիսկը»:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կրթական ծրագրերի պատասխանատու, կրթության փորձագետ Լիլիթ Նազարյանն էլ նկատեց, որ թեև այսօր ՀՀ-ն ունի ներառական կրթության համակարգ, որն առաջին հերթին ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցներում ներառելուն, միևնույն է,  այդ երեխաները խտրականությունների են բախվում, քանի որ նրանց համար անհրաժեշտ պայմաններ չկան :

«Այն կրթությունը, որը մենք տալիս ենք հանրակրթական դպրոցներում, ավելի շատ կարող է թեթև և միջին հաշմանդամություն ունեցող երեխաներին սպասարկել: Ծանր հաշմանդամություն ունեցող հատկապես մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների համար մեր ներառական կրթության քաղաքականությունը ոչ մտածել, ոչ էլ իրականացրել է որևէ քայլ»:

Փորձագետը վստահ է, որ հատուկ դպրոցների փակումից և երեխաներին այդտեղից հանրակրթական դպրոցներ տեղափոխելուց հետո այդ խնդիրն առաջանալու է, քանի որ հավելյալ ծառայություններ չեն ստեղծվել այդ երեխաների համար:

«Սա չի նշանակում, որ երեխաներին պետք է շարունակենք պահել այդ հաստատություններում, սա նշանակում է՝ ժամանակն է, որ որոշում կայացնողները, քաղաքականություն մշակողները անդրադառնան այդ ծառայությունների ապահովման խնդիրը լուծելուն»:

Համընդհանուր ներառականությանն անցնելու ճանապարհին շատ խնդիրներ կան հաղթահարելու, ու դեռևս չլուծված է մնում անգամ ամենատարրական ՝ միջավայրի  մատչելիության խնդիրը՝ սկսած թեքահարթակներից մինչև մյուս ենթակառուցվածքներ: Քաղաքաշինության կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը համաձայն է, որ այս առումով շատ անելիք կա:

«Հայաստանում 1400-ից ավելի դպրոցներ են գործում, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Դրանք ոչ միայն պատրաստ չեն հաշմանդամ երեխաներին ընդունելուն, այլև այնքան մաշված են, որ ընդհանրապես որևէ աշակերտի համար հարմար չեն: Այսօր համայնքներում և Երևան քաղաքում կառուցվում են նոր դպրոցներ, որոնք պետք է ապահովեն հաշմանդամների ազատ տեղաշարժը»:

Սա Հայաստանում նոր կրթական համակարգ է: Միջազգային փորձը կա, պարզապես պետք է այն տեղայնացնել ու կիրառել: Ամռան ընթացքում  հանրապետության բոլոր ուսուցիչները կվերապատրաստվեն և  սեպտեմբերից դասարաններ կմտնեն հատուկ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու օրակարգով:

Կարդացեք նաև

Back to top button