
Սեւանի ափին հուլիսի 28-ին մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019» վրանային բիզնես ֆորումը, որը կշարունակվի մինչեւ օգոստոսի 4-ը։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցելու համար այս տարի ընդունվել են շուրջ 1000 ստարտափների, 200-ից ավելի ծրագրավորողների և շուրջ 1200 կամավորներրի հայտեր։ Սամմիթին մասնակցության հրավեր է ստացել մոտ 100 ստարտափ ողջ աշխարհից։
Ամենամյա սամմիթի առանձնահատկությունն այն է, որ բոլոր մասնակիցները 7 օր անցկացնում են վրաններում՝ համատեղելով կրթական հագեցած ծրագիրը ծովափնյա հանգստի հետ։ Սամմիթին սովորաբար այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ևս ներգրավվում են Սամմիթի կրթական ծրագրում։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է․ «Սամմիթն արդեն դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ստարտափ էկոհամակարգի սպասվող միջոցառումներից։ Փորձում ենք ամեն տարի ներգրավել էլ ավելի ազդեցիկ ներդրումային ֆոնդեր և հաջողակ ձեռներեցների։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաև երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից»։
Սամմիթին, որն առաջին անգամ անցկացվել է 2016-ին, մինչ օրս մասնակցել են ավելի քան 2000 գործարարների և ստարտափների հիմնադիրներ։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 150,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1,000,000 ԱՄՆ դոլարը։ 2018-ին Սամմիթն անցկացվել է 3 անգամ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում և Հայաստանում։




