
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
12 տարի առաջ գրված անվտանգության հայեցակարգը այլևս արդիական չէ: Խորհուրդը նոր հայեցակարգ է մշակում: Պատճառները բազմաթիվ են. Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ այս հայեցակարգը պետք է արտացոլի պատմամշակութային այն մտածողությունը, որն ընկած է մեր պետության և ժողովրդի անցյալում:
Նոր փաստաթղթի հիմքում առանցքային դերը վերապահված է Արցախի անվտանգությանը: Հետևաբար, նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն Արցախից հրավիրված փորձագետները:
«Անվտանգության միջավայրը միասնական է և, հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն և կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»:
Բարձրաստիճան պաշտոնյան բացում է որոշ փակագծեր՝ խոսելով պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունների մասին: Ասում է, որ որոշակի խնդիրներ եղել են, սակայն դրանք անցյալում են.
«Երևան —Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրներն արդեն անցյալում են: Շուտով Ստեփանակերտում անցկացվելու են Համահայկական խաղեր, և դրանով ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ հարաբերությունները նորմալ են»:
Արմեն Գրիգորյանը այդպես էլ չմանրամասնեց , թե ինչ խնդիրներ են եղել, ովքեր են կանգնած եղել այդ խնդիրների հետևում և ինչպես են լուծվել դրանք:
Շարունակելով Արցախի թեման՝ լրագրողները հետաքրքրվեցին արդյո՞ք ԱԽ զբաղվում է դավադիր ուժերին գտնելով : Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ կան դավադիր ուժեր, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել:
«Բնականաբար, դա մեր օրակարգում է, մենք հետևում ենք իրադարձություններին, որպեսզի հնարավորինս բացառենք նման դեպքերը։ Այս պահին բանակն ու անվտանգային ուժերը պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք կատարել։ Այս պահին այդ սպառնալիքները մինիմալի են հասցված»:




