
Այս տարի նշվում է Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր՝ Թամանյանական մասնաշենքի կառուցման 90-ամյակը: Այն գրադարանի չորս մասնաշենքերից ամենահինն է և Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցվել է 1939 թ.-ին: Ալ. Թամանյանը, ձեռքի տակ ունենալով գրադարանների տարբեր նախագծեր՝ շենքի նախագիծը մշակել էր դեռևս 1919-20թթ.:
Կլասիցիզմի և պարզ ու խիստ ազգային ճարտարապետության ավանդույթներով տուֆակերտ շենքի կառուցումը ֆինանսավորվել է Խորհրդային Հայաստանի կառավարության և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամի կողմից:
«Հատկանշական է, որ մինչ 2014 թվականը հայտնի չէր, թե ով է միջոցներ հատկացրել Թամանյանական մասնաշենքի կառուցման համար: Բարերարների անունը, որոնք իրենց ամբողջ ամբողջ ունեցվածքը՝ մոտ 600 հազար ֆունտ ստերլինգ, նվիրաբերել էին Հայաստանի առաջին հանրապետությանը, պարզվեց գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանի 8 տարվա հետազոտությունների արդյունքում: Դադայանի խոսքով՝ «Նման մարդկանց չպետք է մոռանալ: Մելքոնյանները համարեցին, որ մնայուն արժեքը գրադարանն է, դա մշտական արժեք է, որը պետք է պահպանենք»,- գրված է գրադարանի ֆեյսբուքյան էջում:
2008-2011-ին Թամանյանական մասնաշենքը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։




