Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Իրենց տեսքը փոխած՝ սևացած արագիլներին օգնելու համար պետական երկու գերատեսչությունները՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, շրջակա միջավայրի նախարարությունը, նաև կամավորների խմբեր վերջին օրերին միավորել են իրենց ուժերը:
Որ արագիլները սևացել են աղտոտվածությունից, պարզվեց, երբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ տարան արագիլի առանձնյակներից մեկին, որն ամբողջությամբ պատված էր կեղտի հաստ շերտով:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանը շարունակում է պատմել, թե ինչ են արել ու ինչ են պարզել.
«Մենք նայեցինք ու բնականաբար հասկացանք, որ թռչունը չի կարողանում թռչել հենց այդ կեղտի պատճառով: Մենք փետուրների նմուշներն ենք վերցրել ու փոխանցել տեսչական մարմնի աշխատակիցներին, որ համապատասխան անալիզներ իրականացնեն: Ինձ կոնկրետ հարցերի պատասխաններ են հետաքրքրում՝ ի՞նչ նյութ է, ինչպե՞ս է հայտնվել տվյալ տարածքում եւ ո՞վ է մեղավորը»:
Հարցերի հասցեատերը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն է: Մի քանի օր է շարունակվում է Արարատի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը՝ փոխանցում են տեսչական մարմնից:
Ուսումնասիրության հիմնական հատվածը Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի շրջակայքն է:
Թե ի՞նչ են պարզել ու այս պահին ո՞ր հարցերի պատասխաններն են ստացել, պատմում է տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը:
«Արագիլները մտնել են սննդային յուղի մեջ: Դեպքը մոտ 20 օրվա պատմություն ունի, տեսուչները զբաղվում են գործով՝ պարզելու, թե որտեղից է եղել այդ չափի սննդային աղբի արտանետումը: Բայց ամենայն հավանականությամբ դա ֆիզիկական անձի կողմից կատարված գործողություն է»:
Իսկ ինչպե՞ս են մաքրվել եւ շարունակում մաքրվել կեղտոտված արագիլները. այս խնդիրն էլ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը մի խումբ կամավորների հետ հենց տեղում ուսումնասիրություններ է արել և մաքրման աշխատանքներ:
Մաքրվելուց հետո արագիլները կկարողանա՞ն թռչել, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա. մասնագետներն այս հարցում տարակարծիք են. մի մասը վստահ ասում է, որ այո , մյուսները նույն վստահությամբ երկմտում են՝ գուցե չթռչեն:
Իսկ պետական կառույցները վստահեցնում են՝ ամեն ինչ արվելու է պարզելու համար, թե ովքեր են սևացրել սպիտակափետուր թռչուններին:




