
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Սեփական դիմումի համաձայն պաշտոնից հեռացած ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին նույն պաշտոնում օրերս փոխարինեց Ռուբեն Վարդազարյանը: Արդյոք նա կարո՞ղ է իրականացնել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Բարձրագույն Դատական խորհրդին, որն ի պաշտոնե պետք է ապահովի դատական համակարգի ազատությունն ու անկախությունը:
ԲԴԽ նորընտիր նախագահի գործունեությունից լավատեղյակ են իրավապաշտպանները: Նրանցից ոմանք, սակայն, խոսում են Վարդազարյանի գործողությունները իրավապահների ուշադրության առարկա դարձնելու մտադրության մասին:
ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատրաստ է ցանկացած պահի ենթարկվել վեթինգի եւ բացահայտել իր հետ կապվող ամեն բան: Այն, ինչ հայտնի է ԲԴԽ նոր ղեկավարից, հետեւյալն է. նոր պաշտոնը ստանձնել է՝ հրաժեշտ տալով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից հասանելի տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Վարդազարյանի տնօրինած միջոցներն են 2 մլն 700 հազար դրամ եւ 47 հազար դոլար: Վարդազարյանն ունի նաեւ 3 անշարժ գույք՝ բնակարան, անհատական բնակելի տուն` հողամասով, իր տնտեսական շինություններով, եւ բազմաբնակարան բնակելի շենք՝ բնակելի եւ ոչ բնակելի ընդհանուր օգտագործման տարածքներով: ԲԴԽ նորընտիր նախագահը հայտարարագրել է նաեւ «AUDI» մակնիշի ավտոմեքենա:
ԲԴԽ նոր ղեկավարի ընտրությունը «շատ անհաջող» է որակում «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

«Խոսքը միայն ունեցվածքի մասին չէ: Բա նրանց կայացրած վճիռնե՞րը, որով խաղացել ու նաեւ խաղում են մարդկային ճակատագրերի հետ: Վարդազարյանն ակնհայտ այն դատավորն է եղել, որ հայտնի է գաղտնալսումներով, ընդդիմադիրների եւ այն մարդկանց, ովքեր հաճելի չեն եղել ռեժիմին, դեմ աշխատանքով: Ես ունեմ կոնկրետ դեպքեր, երբ գաղտնալսման, ներքին, արտաքին դիտման որոշումները կայացվել են հետո: Այսինքն՝ մի ամսում եղել են գործողությունները, 8-9 ամիս հետո, երբ անհրաժեշտ է եղել դա օգտագործելու Վարդազարյանը պատրաստ է եղել հետին թվով որոշումներ կայացնել»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Իրավապաշտպանը հասկանում է, որ ասածը կարելի է համարել հանցագործության մասին հաղորդում: Չի թաքցնում մտադրությունները. հետագայում պատրաստվում է իրավապահներին փաստերով ներկայացնել հենց այդպիսի հաղորդում Ռուբեն Վարդազարյանի կատարածների վերաբերյալ:
Այլ փաստեր հիշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: ԲԴԽ նախագահի աշխատանքի հետ կապված կասկածները կապված են նախկին օմբուդսմենի հրաժարականի հետ:

«Չեմ հոգնում եւ չեմ հոգնելու կրկնելուց, որ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կողմից դատական իշխանությանը տրված այդ գնահատականը, որի համար ինքը հետապնդումների ենթարկվեց եւ ստիպված էր հրաժարական տալ, զեկույցում բարձրացված որեւէ հարցի վերաբերյալ այդ նույն դատավորների ժողովը, այդ նույն ԲԴԽ-ն որեւէ անդրադարձ, որեւէ գնահատական, ինքնագնահատական չի տվել, չի էլ անդրադարձել: Բացարձակապես զրո անդրադարձ: Սա եւս հիմք է տալիս ինձ պնդելու, որ ցավոք սրտի այս ԲԴԽ-ն էլ՝ ակնկալիք այդ մարմնից ես չեմ կարող ունենալ»,- ասում է իրավապաշտպանը:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ չարդարացված հապաղումները կասկածի տակ են դնում դատական իշխանությունում կտրուկ փոփոխությունների մասին հռչակված խնդրի լուծումը: Մինչդեռ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ է մտել լուրջ փոփոխություններ իրականացնելու մտադրությամբ: Կառույցը պետք է լինի ավելի թափանցիկ, գործողությունները՝ ավելի տրամաբանված եւ հասկանալի: Դատական իշխանությունում ազատության եւ անկախության ամրագրման առաջին քայլերը նորընտիր ղեկավարն այսպես է պատկերացնում:

«Նախորդ իշխանության հետ կապեր բացարձակ չեմ տեսնում: Միգուցե ակցենտները փոխվեցին, միգուցե վեթինգ անվանումով գործառույթը չի լինելու, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորները ավելի պարզ կլինեն, ավելի մատչելի կդառնա դատավորի գործունեությունը եւ հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ: Այդ թվում նաեւ՝ եկամուտների եւ գույքի հայտարարագրեր, նրանց քաղաքական կապերի վերաբերյալ»,- ասում է Վարդազարյանը:
Այս պահին ԲԴԽ-ի համար անլուծելի է դարձել դատավոր Նախշուն Տավարացյանի հարցը: Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում ԲԴԽ-ն դեռ չունի: Ինչ վերաբերում է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, ապա միջազգային կառույցների հորդորով Հայաստանն այդ ամենը պետք է իրականացնի փոփոխվող օրենսդրությամբ, ոչ թե «անցումային արդարադատությանն» ավելի կոշտ եղանակներով:




