ԿարևորՀասարակություն

Քսան տարվա խնդիրը քաղաքապետարանը լուծեց «Ռադիոլուրի» արձագանքից հետո

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ավան-Առինջ առաջին թաղամասի հենապատից տարիներ շարունակ հոսող կոյուղաջրի հարցը լուծվել է։ «Ռադիոլուրի» ահազանգից հետո պատկան մարմինները հետամուտ են եղել արդեն 20 տարվա խնդրի կարգավորմանը: Աիդա Ավետիսյանը այսօր կրկին այն թաղամասում էր, որտեղ մի քանի շաբաթ առաջ նրան բերել էր երեւանցիների բողոքը։

Ավան-Առինջում կեղտաջրերի մոտ 20 տարվա խնդիրը լուծվեց 10 օրվա ընթացքում: «Ռադիոլուրն» էր լսել բնակիչների ահազանգն ու  տեղում տեսել վիճակը: Առաջին թաղամասը երկրորդից բաժանող  հենապատից  հոսող կեղտաջրերը ողողել էին Առինջի ամբողջ առաջին թաղամասը, իսկ գարշահոտությունը լցվում էր բնակիչների բնակարաններ:

Խնդրին տրվում էր ժամանակավոր լուծում, քանի որ  գլխավոր դիտահորի վրա կառուցվել էին  ավտոտնակներ և «Վեոլիա ջրի» աշխատակիցները չէին կարողանում մաքրել գլխավոր հորը: Սակայն այսօր պատկերը լրիվ այլ էր:

«Վերևը ավտոտնակներ քանդեցին,  հորը  բացեցին, մաքրեցին: Բավականին վատ վիճակում էր: Այդ կեղտաջրերը հոսում էին՝ հասնելով մինչև Հարսնաքար։ Խոլերայի բուն էր, ինչ հիվանդություն ասես կարող էր լինել: Ջուրը դադարել է, իսկ ժողովուրդն արդեն կարոտում է Հեղնար աղբյուրին»,- ծիծաղով նշում են բնակիչները:

Մինչ խնդրի լուծումը՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պնդում էին, որ հասցեատերը Վեոլիա ջուրն է,  «Վեոլիա ջրից» ասում էին՝ դա մեծ ծախսեր է պահանջում եւ թաղապետարանը պետք է լուծի։ Ի վերջո՝ խնդիրը լուծեց Երեւանի քաղաքապետարանը։ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ  Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապամոնտաժվել են գլխավոր դիտահորի վրա կառուցված ապօրինի ավտոտնակները:      

«Աշխատանքները վերջացրել ենք և ավտոտնակներն իրենց տեղում չի դրվելու, բայց մարդիկ կարող են օգտագործել այդ տարածքը: Նրանք, ովքեր կառուցել էին ավտոտնակները, կարող են իրենց մեքենաները կանգնեցնել»։

Արարատ Խաչիկյանը պնդում է, այդ տարածքում շինություններ այլեւս չեն կարող կառուցվել, որովհետեւ դա խանգարում է կոյուղագծի շահագործմանը։

Կարդացեք նաև

Back to top button