
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Իջեւանի անկարգությունների դեպքով հարուցվել է քրեական գործ, ձերբակալված է 13 անձ: Հակաօրինական գործողությունների հրահրողները, սակայն, ավելին են՝ վարչապետի տեղեկություններով՝ 36 մարդու մասին է խոսքը:
Այս պահին մի քանի քաղաքացիների հանդեպ հայտարարված է հետախուզում, ոստիկանությունը բացառում է, որ նրանք լքել են Հայաստանի տարածքը: Երեկ երեկոյան տեղի ունեցած բախման հետեւանքով 12 ոստիկան եւ 2 քաղաքացի ստացել են թեթեւ վնասվածքներ:
Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տավուշցիները տեւական ժամանակ փակ են պահել Հայաստանը աշխարհի հետ կապող գրեթե միակ ճանապարհը՝ Իջեւանից Վրաստան տանող մայրուղին:
Տավուշի մարզում անկարգությունները հասունացել են մի քանի օր: Տեղի բնակիչներն ընդվզել են իշխանությունների քայլերի դեմ, որոնք ուղղված էին անտառներում ապօրինի ծառահատումների դեմ: Հետագա լարումներից խուսափելու նպատակով Տավուշի մարզ է տեղափոխվել ներքին զորքերի մի մասը: Այսօր մի քանի անգամ՝ իշխանական տարբեր մակարդակներով, հնչել է միեւնույն միտքը, որ պետության հետ շանտաժի լեզվով խոսել հնարավոր չէ:
Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն այս պահին անուններ չեն տալիս: Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը հաստատում է՝ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, եւ այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն:
«Այս սեւագործ աշխատանքը իրականացնողները երեւի թե չեն հարստացել, եթե մենք նայենք իրենց իրավիճակին, բայց մի խումբ մարդիկ, որոնք ղեկավարել են եւ ստվերում են գտնվել, նրանք հարստացել են, բնականաբար: Ոստիկանությունն իր օպերատիվ գործողությունների ընթացքում, իհարկե, ունի տվյալներ, ուղղակի, քանի դեռ դա ուսումնասիրության ընթացքում է, ես այդ իրավունքը չունեմ հրապարակեմ որեւէ մեկի անունը: Հիմա էլ ԱԱԾ-ն իրականացնում է քննություն կոռուպցիոն բնույթի: Քննությունը դեռ ավարտված չէ եւ մեղավորների մասին չենք կարող ասել, բայց մեղադրանքը նրանում է, որ ոստիկանության աշխատակիցը այո, մասնակից է եղել նման պրոցեսում եւ հիմա ինքը քննության տակ է գտնվում: Կոնկրետ ես հիմա ասում եմ մեկ ոստիկանի մասին»,- ասում է Վարդան Մովսիսյանը:
Փոխոստիկանապետն այս պահին հստակ չի կարող ասել, արդյո՞ք բերման ենթարկվածների մեջ կան մարդիկ, որոնք վառելափայտի բիզնեսով են զբաղվում: Մինչդեռ ձերբակալվածների հարազատները պնդում են՝ ոստիկանները չեն տարել նրանց, ովքեր սղոցարաններ ունեն:

«Գիշերով մտել են տները, անկախ նրանից՝ տանը երեխա կա, ծեր կա։ Մի մասին ծեծել են, մյուս մասին էլ տկլոր-տկլիկ կանդալել են եւ տարել չգիտես ուր: Կոպիտ ասած՝ ով օրվա հացի ապրուստը հոգում է, մենակ նրանց տարան: Էն, որ սղոցարաններ ունեն, ովքեր լավ բիզնեսի տերեր են՝ ինչի՞ չեն բա նրանց չեն տարել: Ասում է՝ 3 սուտկա այս միջազգային ճանապարհը չի բացվել, բայց դա սուտ է: Մենք ինքներս մեր կամքով, չեմ կարող ասել քանի ժամը մեկ, բացել ենք: Եթե չբացեինք այստեղ ահավոր խցանում կլիներ»:
Տավուշի եւ Լոռու մարզերի անտառներում ծառահատումների թույլտվություն պահանջող քաղաքացիները որպես պայքարի տարբերակ ընտրել էին Հայաստանն աշխարհի հետ կապող գրեթե միակ ճանապարհի՝ Իջեւան-Վրաստան մայրուղու փակումը: Այս քայլը իշխանությունն ընկալեց իբրեւ սպառնալիք: Հայրենի Իջեւանում տիրող իրավիճակի մասին խոսեց նաեւ վարչապետը:
«Իջեւան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել: Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»:
Մի կողմից Տավուշի մարզում են ուժային կառույցների ղեկավարները, նաեւ ներքին զորքերի մի մասը, մյուս կողմից ՄԻՊ գրասենյակը հայտարարում է հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ Տավուշի մարզ գործուղելու մասին:
Ոստիկանության գործողություններից տուժածների բողոքները շատանում են, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զգուշացնում:
Վառելափայտի բիզնեսին եւ ապօրինի ծառահատումներին առնչվող գործերով տարբեր մակարդակներով քրեական գործեր կան հարուցված: Շրջակա միջավայրի նախարարությունն իր ունեցած բոլոր տվյալները փոխանցել է իրավապահներին, ասում է նախարար Էրիկ Գրիգորյանը՝ կրկին զերծ մնալով անուններ հրապարակելուց: 2019-ի համար օրինական հատումների ծավալի մասին խոսելիս՝ նախարարը մեջբերում է 17 խորանարդ մետր սահմանը, մինչդեռ ապօրինի ծառահատումների ծավալը հասնում է մինչեւ 1 միլիոն խորանարդ մետրի: Սա ունի հստակ գումարային արտացոլում.
«Նու եթե 1 միլիոնը բազմապատկեք 40 դոլարով՝ 40 միլիոն դոլարի շրջանառություն»:
Նախարար Էրիկ Գրիգորյանի տեղեկություններով՝ ապօրինի հատված ծառերը ոչ թե հիմնականում արտահանվում են Վրաստան, այլ օգտագործվում են ներքին սպառման համար՝ վառելափայտ, շինափայտ եւ անգամ ածուխ են սարքում: Իրավիճակի լարման մի քանի պատճառ է ներկայացնում Շրջակա միջավայրի նախարարը:
Օրենսդրական խստացումների փաթեթն ԱԺ-ում ընդունվել է միաձայն եւ առաջիկա 1-2 օրվա ընթացքում՝ նախագահի ստորագրելուց հետո, այն արդեն ուժի մեջ կմտնի: Այս ամբողջ պատմությունում, թերեւս, կարեւորագույն խնդիրներից մեկն էլ աշխատատեղերն են: Այս հարցում, սակայն, նույնպես իրարամերժ հայտարարություններ են: Մինչ Տավուշի մարզպետը եւ կառավարության անդամները պնդում են, որ մարզի բնակիչներին առաջարկելու աշխատատեղեր ունեն, քաղաքացիները ներկայացնում են այլ իրավիճակ, երբ դիմում են, բայց այդպես էլ աշխատանքով չեն ապահովվում:




