
Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչներից հայ սեմինարիստի վրա ուղղափառ հրեաների հարձակման համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանը։
Հուլիսի 16-ին Երուսաղեմի հայ պատրիարքարան են այցելել Քնեսեթի ներկայացուցիչներ ռաբբի Դավիթ Ռոզենցը, ոստիկանության սպաներ և Հագի քաղաքի միջմշակութային կենտրոնի ղեկավար Ագմոն Շնիրը։
«Յուլիսի 16-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան այցելեցին և Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ հանդիպեցին Քնեսետի անդամ եւ Հին Երուսաղեմի հրեական թաղամասի բնակիչ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դավիթ Ռոզենը, Ոստիկանության սպաներ եւ Երուսաղեմի միջմշակութային կենտրոնի տնօրեն տեր Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:
Հանդիպման ընթացքում նրանք նախ ներողություն խնդրեցին հունիսի 8-ին ժառանգավոր սաների վրա կատարած հրեա ծայրահեղականների հարձակման համար եւ քննարկեցին, թէ ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել` նման երեւույթները ապագայում կանխելու համար»,- գրել է Հովնան Բաղդասարյանը:
Հունիսյան միջադեպից հետո իսրայելական լրատվամիջոցներում ոչ հավաստի տեղեկություն էր տարածվել, որ սեմինարիայի 60 հայ սաներ հարձակվել են հրեաների վրա: Երուսաղեմի պատրիարքարանն, իր հերթին, հրապարակել էր կատարվածի շուրջ իր կարծիքը, որից հետո ոստիկանությունը հետաքննություն անցկացնելով խոստովանել էր, որ ծեծկռտուքի հրահրողները ոչ թե հայերն են եղել, այլ հրեաները:




