
ՄԱԿ-ի կենտրոնակայանում էներգետիկ արդյունավետությանը եւ կայուն զարգացմանը նվիրված քննարկման ընթացքում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է նաեւ Սեւանի խնդրի մասին:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ Սեւանա լճի օրինակով ներկայացնելով Հայաստանում կլիմայական փոփոխությունների ուղղակի ազդեցությունը՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ երկրում բավականին երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին՝ մինչեւ այն հարվածեց երկրի սրտին՝ ակնառու կերպով ցուցադրելով հարցի լրջությունը: Այժմ իշխանությունները աշխատանքներ են տանում լուծումներ գտնելու ուղղությամբ, ասել է փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանում կայուն էներգետիկայի եւ խելացի տնտեսության կառուցման գործում էներգաարդյունավետ լուծումների կիրառումը: Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցել հանրային եւ քաղաքային շինությունները էներգախնայող արդյունավետ համակարգերով վերազինելու համար շրջանառու ֆոնդ ստեղծելու գործում, որի իրականացրած ներդրումների արդյունքում ունենք 50 տոկոս էներգիայի խնայողություն 64 հանրային օբյեկտներում (ավելի քան 160 շենք եւ 9 քաղաքային լուսավորման համակարգեր):
Հայաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ եւ համապատասխան գործիքներ կստեղծվեն հանրային հատվածում էներգաարդյունավետ ներդրումների ընդլայնման եւ շահավետության բարձրացման համար, ասել է փոխվարչապետը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի քաղաքները ընդունել են գործողությունների ծրագրեր՝ նպատակ ունենալով խթանել էներգաարդյունավետությունը եւ արդյունքում կրճատել էներգետիկ հատվածի արտանետումները 20 տոկոսով 2020թ-ին, եւ 30 տոկոսով՝ 2030թ.-ին:




