

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին են անդրադարձել արտախորհրդարանական մի շարք ուժերի ներկայացուցիչներ: Նրանք, գրեթե, համակարծիք են, որ երեկվա զարգացումները ցույց տվեցին մեկ բան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անհրաժեշտ են օր առաջ: Դա գործուն կդարձնի իշխանության օրենսդիր թեւը եւ կհստակեցնի պատասխանատվությունը, միաժամանակ մթնոլորտը կառողջանա:
Երեկ վերջնականապես հասարակությունը համոզվեց, որ գործող ԱԺ-ն անգործունյա եւ սպառված մարմին է, որն օր առաջ պետք է ասպարեզից հեռանա: Այս կարծիքին է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ հայաստանյան հեղափոխությունը դասականից տարբերվում է եւ պետք չէ ներսում թշնամիներ փնտրել: Խնդիրը պետք է լինի ազատ ընտրություններ կազմակերպելը, որին մասնակցեն բոլոր ցանկացողները: Մինչ այդ.
«Կարծում եմ, որ խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը պետք է անհապաղ համագումարներ հրավիրեն եւ ասեն, որ վայր են դնում իրենց լիազորությունները եւ մեր պետական համակարգը էս ցնցումներից հեռու պահեն»:
Ինքնալուծարումը կլինի քաղաքական ուժերի ամենախոհեմ քայլը եւ նրանք այդ հնարավորությունն ունեն՝ հավելեց Վիգեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հիմա հասարակությունը պիտի իմանա, որ ինքն է պատասխանատու իշխանության համար եւ ինքն է որոշելու, թե հաջորդն ով է: Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ հասարակությունն իր քաղաքական կառուցվածքով արտահերթ ընտրությունների պատրաստ է:
ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ երեկ տեղի ունեցածն արդեն իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի տրամաբանության ներքո էին:
ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը: Նրա ձեւակերպմամբ՝ երեկվա զարգացումները ցույց տվեցին, որ ժողովուրդը հաստատակամ է եւ ոչինչ չի շեղելու նրան բռնած ուղուց:
ԱԻՄ ներկայացուցիչը շեշտեց, որ քննադատում է բոլոր այն քայլերը, որոնք չեն հանգեցնում օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետի պաշտոնակատար Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ երեկ կատարվածը բնական գործընթաց էր՝ հաշվի առնելով խորհրդարանում եւ դրանից դուրս ստեղծված վիճակը: Ըստ նրա, քաղաքական դաշտում գաղափարազուրկ ամայություն էր մինչ օրս եւ կա վտանգ, որ նույն կերպ կարող է շարունակվել:
Դա, սակայն, բնական գործընթաց պետք է լինի եւ ոչ արհեստական՝ եզրափակեց Արմեն Մանվելյանը:




