Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը. խորհրադարանում մի քանի կարևոր ընտրություններ են, երեկ ԱԺ-ն ընտրեց ԿԲ խորհրդի անդամ, Հաշվեքննիչ պալատի նախագահ, այսօր՝ Վճռաբեկ դատարանի նախագահ և ՍԴ անդամ:
Ընտրությունները, սակայն, այս փուլում մնացել են ստվերում, երկրորդական պլանում: Միջանցքներում քննարկման հիմնական թեման ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումն է, դրան հետևած զարգացումները:
Բոլոր ուժերի գնահատականները համընկնում են մեկ կետում՝ փաստը մտահոգիչ է, մեղադրանքի սլաքները, սակայն, տարբեր կողմեր են ուղղվում:
Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ խորհրդարանը պետք է քննարկման առարկա դարձնի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված և երեկ հրապարակված հեռախոսազրույցը, դրան վերաբերող բոլոր հարցերը քննարկի այդ ձևաչափում:
«Անպատկերացնելու մի երևույթ է, որ կարելի է ԱԱԾ-ի ղեկավարին նույնիսկ գաղտնալսել։ Մեզ համար աննախադեպ մի իրավիճակ է ստեղծվել։ Ես կարծում եմ, մենք պետք է անդրադառանք այդ հարցին օրենքով սահմանված կարգով և ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի»։
Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակրգը հարցին անդրադառնալու 2 հնարավորություն են նախատեսում՝ հրատապ քննարկում կամ քննիչ հանձնաժողովի ստեղծում: Հնարավրություններից մեկը կամ մյուսը հրավիրելու առաջարկ երեկ արել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Առայժմ պարզ չէ, թե որ գործիքից կօգտվի խորհրդարանը: Քանի դեռ այդ հստակությունը չկա, հանրապետականները կոշտացնում են գնահատականները:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նաև հարց ունի վարչապետին: Մտահոգություններ կան նաև Ծառուկյան դաշինքում:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը գաղտնալսման, հրապարկամն փաստը ահաբեկչության փորձ է որակում, հասկանում է, թե ինչու է կառավարությունը նման հարվածներ ստանում, սակայն համոզված է, որ նման քայլերն անարդյունք են մնալու:
ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հարցը տեղափոխել է ԵԽԽՎ: Վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Քննարկման առարկա է դարձել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը:
Արփինե Հովհաննիսյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքով ու նշել նաև, որ հարցի քննարկման արդյունքում որոշվել է նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ։