

Եզակի ցուցահանդես՝ անունը Անմատչելիության թանգարան:
Այսօր Մոսկվա կինոթատրոնում ներկայացված էին բոլորին ծանոթ իրեր, որոնք, սակայն, անմատչելի էին այցելուների համար: Նման վիճակում հաշմանդամություն ունեցողները Հայաստանում առնչվում են մշտապես։
Ցուցահանդեսի կազմակերպիչները այս կերպ էին փորձել ներկայացնել հաշմանդամություն ունեցողների խնդիրները։
Ես այս պահին կանգնած եմ սեղանի դիմաց, որի վրա աման և բաժակ կա, բայց օգտվել չեմ կարողանում ո՛չ ամանից, ո՛չ բաժակից, ո՛չ էլ սեղանն եմ կարողանում օգտագործել նպատակային:
Իհարկե, առաջին հայացքից սա զարմացնում է, բայց ես «Անմատչելիության թանգարանում» եմ, որտեղ գտնվելով՝ հասկանում ես, ինչո՞ւ է այդպես:
Ունենալ սեղան ու աթոռ, որոնցից օգտվելն անհնար է, զգալ ուտեստի բույրը ու չկարողանալ համտեսել, տեսնել ու լսել՝ չհասկանալով ինչի մասին:
Իհարկե, անհարմար է, բայց բազմաթիվ մարդիկ Հայաստանում ամեն օր առնչվում են նման անմատչելի ու անտանելի պայմաններին:

«Անմատչելիության թանգարանում» տեղ գտած բոլոր իրերի հեղինակը «Ունիսոն» հասարակական կազմակերպության գեղարվեստական ղեկավար Անուշ Մելքումյանն է:
Սկզբում այսպես ներկայացավ, հետո միանգամից ինքն իրեն ուղղեց՝ բոլոր աշխատանքներում հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց մասնակցությունն ունեն:
Ասում է՝ իր համար բոլոր աշխատանքներն էլ լավն են, բայց ապակե ստենդում պահված թխվածքաբլիթներն, իր համար ամենալավն է։ Ճաշակի խնդիր է, ասում է:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանն ասում է՝ կրթել, դաստեարակել ու իրազեկել, այսպիսինն է ցանկացած թանգարանի առաքելություն:
Բայց «Անմատչելիության թանգարանը» ոչ միայն տեղեկատվություն է տրամադրում, այլև ստիպում այցելուներիին սեփական մաշկի վրա զգալ հաշմանդամություն ունեցող մարդու խնդիրը:
«Անմատչելիության թանգարանն» իր այցելուներին կկրթի մինչև հունիսի 29-ը:




