

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ցավոք, թալիշցիների մի մասն այնտեղ չէ: Պատմությունը ցույց է տվել, որ թալիշցիները երբեք իրենց բնակավայրը չեն թողնում ամայի՝ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն Միքայել Ապրեսյանը՝ հույս հայտնելով, որ մայիսի 1-ը բոլորին կհամախմբի Թալիշում:
Նա տեղեկացրել է, որ Հիմնադրամը պատրաստվում է իրականացնել «Ուխտագնացություն Թալիշ» միջոցառումը: Նախաձեռնության նպատակի մասին այսօր պատմել են հիմնադրամի անդամները՝ ամփոփելով ապրիլյան քառօրյայից հետո ստեղծված վիճակն ու դասերը:
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում կատարված աշխատանքների արդյունքում նաեւ վերջին մեկ տարում կրակոցները գյուղի վրա շատ ավելի են նվազել՝ այսօր նշել է համայնքի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Թալիշում այս պահին բնակվում է միայն մեկ ընտանիք՝ Օհանյանների ընտանիքը։ Մինչև Ապրիլյան պատերազմն այնտեղ ապրում էր 500 բնակիչ, մինչև Արցախյան պատերազմը՝ 3700 ընտանիք։ Այս մասին հայտնեց «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն Միքայել Ապրեսյանը։
Նրա փոխանցմամբ՝ «Թալիշ» հիմնադրամը մայիսի մեկին ուխտագնացություն է կազմակերպելու այնտեղ՝ նպատակ ունենալով վերականգնելու Թալիշի նախկին ավանդույթները եւ առաջին հերթին կրկին համախմբելու թալիշցիներին:
«Ես վստահ եմ, որ մայիսի 1-2-ը կրկին կհամախմբի մեզ բոլորիս Թալիշում»:
Ուխտագնացները մայիսի 1-ին կհասնեն Արցախ, ամսի 2-ին կայցելեն գերեզմանոց, այնուհետև միջոցառում կանցկացնեն Թալիշում զոհվածների հիշատակի հուշարձանի մոտ: Միքայել Ապրեսյանի խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հետ զրույցում ևս հավանություն է տվել ուխտագնացության գաղափարին: Միքայել Ապրեսյանը վստահեցրեց, որ գյուղին սպառնացող վտանգն այնքան մեծ չէ, որքան ներկայացվում է եւ դա ստուգելու համար՝ դեռ նոյեմբերին է այցելել Թալիշ:
«Գնացի ինքս իմ աչքով տեսա, որ վտանգն այն չէ, ինչ որ ներկայացվում է: Ինքս մասնագիտությամբ զինվորական հետախույզ եմ՝ մինչեւ իմ աչքով չեմ տեսնում, ոչ մեկի ասածին չեմ հավատում»:
«Թալիշ» Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խաղափյանի խոսքով՝ գնում են ոգեկոչելու իրենց նախնիներին եւ հույս ունի, որ իրենց կմիանան տարբեր վայրերում ապրող թալիշցիներ:
«Մենք գնում ենք ոգեկոչելու մեր նախնիներին, որոնք ապրել են, գործել, ստեղծագործել ու իրենց մասունքները թողել են Թալիշում, որպեսզի մենք պարտավորված լինենք: Վստահ եմ, որ կգան ինչպես մեծահասակներ, այնպես էլ երիտասարդներ: Ուզում եմ, որ մենք գնանք ու տեսնենք»:
Ուխտագնացությունն առիթ է՝ տեսնելու նաեւ Թալիշում կատարված աշխատանքները՝ հավելեց Մելիտա Խալափյանը: Թալիշցիների մի մասը ներկայումս ապրում է Ալաշան ավանում՝ 180 բնակիչ՝ 48 ընտանիք։ Հիմնադրամի ղեկավարները վստահեցնում են, որ նրանք պատրաստ են տեղափոխվել հենց Թալիշ։ Նրանց խոսքով՝ Թալիշի փոխարեն Ալաշանում հիմնավորվելն ու կյանքը շարունակելը ճիշտ որոշում չի լինի, քանի որ դա նախադեպ կդառնա սահմանամերձ գյուղերի համար։
Սահմանամերձ բնակավայրերում, սակայն, որեւէ նախադեպի կարիք չունեն եւ այդ մասին էլ չեն մտածում: Ապրիլյան պատերազմն էլ բացերը լրացնելուն, թերությունները շտկելուն է ծառայել: Հայաստանի սահմանամերձ գյուղերից Տավուշի մարզի Բաղանիս համայնքի բնակիչների համար «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը» վաղուց դարձել է սովորական կենսակերպ: Համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն այսօր ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո զգոնությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է: Հիշեցնելով աշխարհի ապահով երկրներ համարվող կետերում իրականացված ահաբեկչությունները՝ բաղանիսցիները սահմանամերձ իրենց գյուղը համարում են ամենաապահով տեղը:
Նարեկ Սահակյանի փոխանցմամբ՝ Բաղանիսում բավականին աշխատանքներ էլ են իրականացվել, իսկ արդյունքն էլ այն է, որ վերջին 1 տարում գյուղի ուղղությամբ կրակոցներն ավելի են պակասել:




