Հասարակություն

ՀՀ նախագահը ներկա կգտնվի Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի բացմանը

Ապրիլի 6-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ներկայությամբ տեղի կունենա Վատիկանի այգիներում տեղադրված Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Իտալական «La Stampa» պարբերականը գրում է, որ  արարողությանը ներկա լինելու համար Վատիկան կժամանեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը: Արարողությունից հետո նախատեսված է Հռոմի Պապի հանդիպումը հայ հոգևոր առաջնորդների հետ:

Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: 2 մ բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում:

2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել է արձանն ու շնորհակալություն հայտնել Նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում  ապրիլի 12-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է  «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այդ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ չէր մատուցվել:

Կարդացեք նաև

Back to top button