
Խորհրդարանն այսօր քննարկել է Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը: Քվեարկությունը կկայանա վաղը, այսօր պատգամավորները լսել են Հրայր Թովմասյանի մոտեցումները, նրան հարցեր են ուղղել ու ելույթներ ունեցել:
Ընդդիմադիրները կարծում են, որ նախկին նախարարն ու պատգամավորը նոր ու ավելի պատասախանատու հնարավորություն է ստանում, կամ երրորդ շանս, ինչպես ընդդիմադիրներն են ձևակերպել:
Մեծամասնությունը համոզված է՝ Թովմասյանը լավագույն թեկանծուն է՝ տրված շանսերն օգտագործելու առումով:
Սահմանադրական դատարանի անդամ, այդ կառույցի նախագահի թեկանծու Հրայր Թովմասյանն այն քիչ պաշտոնյաներից է, ում ընդամենը ութ տարվա քաղաքական կենսագրությունը գրվել է իշխանության բոլոր 3 թևերում. նախ՝ գործադիր, հետո՝ օրենսդիր, հիմա՝ դատական: Մինչև քաղաքականությամբ զբաղվելը, ինչպես Թովմասյանն ԱԺ ամբիոնից այսօր ասաց, հարգված իրավական փորձագետ էր, որին ոչ ոք չէր քննադատում:
«Բայց երբ պատասխանատվություն ու պաշտոն ես ստանձնում, պետք է պատրաստ լինես, որ լինելու է օբյեկտիվ կամ մտացածին քննադատություն»:
Հրայր Թովմասյանն ասում է ՝ քննադատության այն մասը, որն օբյեկտիվ է համարել, փորձել է հաշվի առնել, մյուսները լսել ու անցել է առաջ: Ընդունում է նաև, որ շատ հարցերի նկատմամբ փորձագետ Հրայր Թովմասյանն այլ մոտեցում է ունեցել, պաշտոնյա Թովմասյանն ՝ այլ: Ամենապատասխանատում համարում է այն պաշտոնը, որին հիմա է հավակնում:
« Եթե նախորդ պաշտոններիս համար կարող եմ ասել, որ արել եմ այն, ինչ կարողացել եմ , ապա այս պաշտոնի համար դա երևի քիչ կլինի: Պետք է անել այն, ինչ անհրաժեշտ է»:
Այն, ինչ Հրայր Թովմասյանը քաղաքական հարուստ կենսագրություն է անվանում, ընդդիմադիրների հայացքով ՝ քաղաքական բարի բախտ է:
«Պարոն Թովմասյանը յուրահատուկ բախտի տեր մարդ է: Քչերին է վիճակվում 2 շանս ստանալ, մեկը մյուսից բարձր»:
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ նախորդ շանսերը Թովմասյանը լավ չի օգտագործել, այսօր մաղթում էր, որ երրորդ շանսն այնպես օտգագործի, որ ընդդիմության հետ որևէ վեճ չունենա: Այսօր ընդդիմությունը Սահմանադրական դատարանի վճիռներից ու սահմանադրական արդարադատությունից շատ գոհ չէ:
«Թե ինչ կարծիքի ենք մենք Սահմանադրական դատարանի մասին… այդքան առողջություն չունեմ այսօր, որ խոսեմ, առողջությունս պետք է պահպանեմ»:
Նույն Ելքից Նիկոլ Փաշինյանն առղջության պահպանման հացում այլ մարտավարություն ուներ:
«Ես հիմա իմ առողջությունը մի քիչ կքայքայեմ»:
Փաշինյանն այսպես սկսեց իր ելույթը ու ավելի շատ խոսեց այն փաստաթղթերի մասին, որոնց մշակման մեջ Հրայր Թովմասյանն ուղիղ մասնակցություն է ունեցել, ու ոչ պակաս միանշանակ էլ եզրափակեց:
«Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան, որպեսզի լինի այս ստահոդ պետության, ինչպես միջազգային տերմինաբանությամբ է ընդունված ասել, watch dog-ը, պահապան շունը՝ բառիս քաղաքական իմաստով»:
Վահրամ Բաղդասարյան. «Ես չեմ անդրադառնա ստահոդ հայտարարություններին, բայց քանի որ այստեղ կենդանական աշխարհի հետ համեմատություն տարվեց քաղաքական իմաստով, մի ժողովրդական ասացվածք կա՝ հաչող շունը չի կծում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ Հրայր Թովմասյնաը լավագույն թեկանծուն է, տրված շանսերն օգտագործելու առումով:
Նիստերի դահլիճում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետների հարցը գրեթե չքննարկվեց, մինչդեռ հարցը բուռն քննարկումների առանցքում էր հայտնվել մինչև նիստերի դահլիճ հասնելը: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի ընտրությունը կազմակերպվելու է 2005-ի սահմանադրական կարգավորումներով: Սա նշանակում է, որ ընտրվելու դեպքում Հրայր Թովմասյանը պաշտոնավարելու է մինչև թոշակի անցնելը՝ 2035 թվականը: Մինչդեռ նոր Սահմանադրությունը ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ է նախատեսում:
ՍԴ նախագահի ընտրությունը խորհրդարանում կազմակերպվելու է վաղը:




