Քաղաքական

Սերժ Սարգսյանից ավելի արդյունավետ կառավարող չկա. Շարմազանով

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը վերջին շրջանում խորհրդանշական ժամկետ էին սահմանել՝ վարչապետի թեկնածուների մասին խոսելու են ապրիլից ոչ շուտ:

«Tert.am»— ին տված հարցազրույցում, սակայն, նախագահ Սերժ Սարգսյանը ինչ- որ չափով արագացրել է գործընթացները:

Փորձենք հասկանալ, թե ինչպես են ազդակը հասկացել խորհրդարանում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարազրույցը «Tert.am»-ին այլեւս կասկած չի թողնում, որ հենց նա է լինելու խորհրդարանական Հայաստանի առաջին վարչապետը: Տեւական ժամանակ է, ինչ պատգամավորները ակտիվորեն փոփոխում եւ լրացնում են օրենքները՝ առանցքային լիազորությունները երկրի նախագահից փոխանցելով վարչապետին։

Բայց ի՞նչ անել 2014-ի քաղաքական հայտարարության հետ, երբ սահմանադրական հանրաքվեից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական Հայաստանում վարչապետ դառնալու հավակնություններ չունի:

Հանրապետականների կարծիքով՝ երեկ նախագահն  ամեն ինչ ասել է շատ պարզ եւ հստակ: Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով.

Փոխված իրողություններ ասելով՝ հանրապետականները նկատի ունեն այն, որ 2014-ին՝ Սերժ Սարգսյանի հայտարարության ժամանակ, Հայաստանը դեռ չէր անցել ապրիլյան պատերազմի ճանապարհը, չէին եղել նաեւ որոշակի ներքաղաքական ցնցումներ եւ այն, որ սահմանադրական հանրաքվեից հետո առաջացան նոր մարտահրավերներ:   Հանրապետականները հավատացած են, որ այս իրողություններում Հայաստանի շահն է թելադրում իրենց նախընտրած թեկնածուի առաջադրումը: Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը ոմանք ընկալել են իբրեւ վարչապետության գնալուն նրա կողմից տրված համաձայնություն:

Ավելին՝ կան պատգամավորներ, ինչպես օրինակ գեներալ Սեյրան Սարոյանը, որ Աստծուն են շնորհակալ՝ այս հարցում իրենց ձայնը լսելու համար:

Նախագահի երեկվա հարցազրույցը անակնկալ չէր «Ելք» խմբակցության անդամների համար: Ասում են՝ մայիսից էին բարձրաձայնում այսպիսի զարգացումների հավանականության մասին: Եվ հենց այս հարցն է, որ լուրջ տարաձայնություններ առաջացրեց ընդդիմադիր այս դաշինքում: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի տարբերակներն ու այդ ամենի շուրջ անհամաձայնությունը, սակայն, «Ելք»-ի պառակտման չի բերել՝ հավաստիացնում է Էդմոն Մարուքյանը:

Հանրապետականն իր կոալիցիոն գործընկեր դաշնակցության հետ հարցը դեռ պաշտոնապես չի քննարկել: Նախագահի 2014-ի հայտարարությանը զուգահեռ դաշնակցությունում ամեն դեպքում ներքին քննարկումներում անդրադարձել են խնդրին եւ վաղուց հարցի պատասխանն ունեն: Լսենք խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:

Քաղաքական գործիչները չեն ընդունում տեսակետը, թե սահմանադրական հանրաքվեից առաջ նախագահի հայտարարությունը մոլորության մեջ գցեց ընտրողին եւ երեկվա հայտարարությունից հետո որոշ ընտրողներ հնարավոր է իրենց խաբված զգան:

Էդուարդ Շարմազանով  եւ Էդմոն Մարուքյան

Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր բացատրեց, թե որ շրջանակներում է քննարկվել Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը: Մինչ այսօր, հիշեցնեմ, հերքվել է, որ կուսակցությունում այդպիսի քննարկումներ եղել են:

Նոր զարգացումներին ինչպես է արձագանքում «Ծառուկյան» խմբակցությունը դեռ հայտնի չէ: Այս խմբակցության պատգամավորներն ասում են, որ դաշինքում դեռ քննարկում չի եղել, ուստի խմբակցության անդամները չեն շտապում առաջ ընկնել պաշտոնական դիրքորոշումից եւ կարծիք հայտնել:

Կարդացեք նաև

Back to top button