Մշակույթ

Կաննի փառատոնի կինոշուկային մասնակցության մրցույթը հայտարարված է

Մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա: Կինոռեժիսորների և ֆիլմարտադրող ընկերությունների մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը կինոշուկային կմասնակցի պաշտոնական տաղավարով, ուստի հայաստանյան գործող կինոարտադրողներին և պրոդյուսերներին հրավիրում է իրենց նախագծերով և ծրագրերով հայկական տաղավարի կազմում մասնակցելու կինոշուկային: Մասնակցության մրցույթն արդեն հայտարարված է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 3-ն է: Ինչ ակնկալիքով ու պատրաստվածությամբ է Հայաստանն այս տարի մասնակցելու  Կաննի կինոշուկային:

 

Մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա: Վերջինին մասնակցելու նպատակով հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:

«Անկախ մրցույթի արդյունքից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթում չհաղթած կինոնախագծերը, եթե հեղինակները տրամադրեն համապատասխան նյութերը»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական  ղեկավար-ֆիլմհանձնակատար Արսեն Բաղդասարյանը։

Մասնակցությունը Կաննի կինոշուկային ֆիլմարտադրության ոլորտում նոր գործընկերներ գտնելու, հայկական նախագծերը միջազգային շուկայում ներկայացանելու, նաև վաճառելու հնարավորություն է տալիս: Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչը վստահեցնում է՝  արվում է ամեն ինչ, որպեսզի հայաստանյան  ֆիլմարտադրողներն ու պրոդյուսերական ընկերությունները աշխարհի տարբեր կառույցների, պրոդյուսերների հետ շփվելու,  իրենց նախագծերի համար շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն ունենան:

Կինոշուկային մասնակցության մրցույթի կարգը և հայտաձևը տեղադրված են մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում։

Կարդացեք նաև

Back to top button