
Ապագա վարչապետի մրցապայքարն այն սահմանն է, որի շուրջ լուրջ խմորումներ են սկսվել «Ելք» դաշինքում: Երեք ուժ միավորող դաշինքի անդամները դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, թե ինչպես են պայքարելու Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուի դեմ:
Ապագա գործողությունների ինչպիսի «ճանապարհային քարտեզ» կընդունեն «Ելք»-ում՝ կախված է քննարկումների ու բանակցությունների ընթացքից: Իսկ այն, որ բանակցությունների անհրաժեշտություն դաշինքում արդեն կա՝ ակնհայտորեն երեւում է:
Քաղաքական ոչ բռնի նաեւ «փողոցային» պայքարի կողմնակից «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի հավաք եւ հանդիպում միայնակ անցկացրել է Ազատության հրապարակում: Նրա կողքին չէին դաշինքի մյուս անդամները եւ դա արդեն հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում:
Բանակցությունների մասին դեռ վաղ է խոսել: Դաշինքի առաջնորդներից «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն այս պահին Հայաստանում չէ: Մարտի 6-ից խորհրդարանական պատվիրակության կազմով Միացյալ Նահանգներում է եւ մինչեւ չվերադառնա՝ հասկանալի է, որ այս հարցով բանակցությունները չեն սկսվի:
Արդեն այս պահին էլ հասկանալի է, որ «փողոցային» պայքարի կողմնակիցներից չէ «Լուսավոր Հայաստան»-ը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը պարզաբանել է ներքաղաքական զարգացումներին առնչվող իր տեսակետը:
Ասածից պարզից էլ պարզ է՝ «Լուսավոր Հայաստան»-ը բացառապես խորհրդարանական պայքարի կողմնակից է: Փոխվե՞լ է ռազմավարություն կամ որտեղի՞ց պայքարի այդ տեսակի հանդեպ վստահությունը, եթե «Ելք»-ին չհաջողվեց անգամ նախագահի թեկնածուի առաջադրման համար հավաքել բավարար ստորագրություն։
Այս հարցերը չկարողացանք ճշտել «Լսուսավոր Հայաստան»-ի անդամ, պատգամավոր Մանե Թանդիլյանից: Օրվա ընթացքում, տարբեր ժամերին նա պարզապես հեռախոսին չէր մոտենում: «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան»-ի անդամներից Գեւորգ Գորգիսյանն էլ արդեն հասցրել է հայտարարել, որ «հրապարակ դուրս գալուց պետք է զգուշավոր լինեն»:
Դաշինքում, սակայն, դեռ հույսեր կան, որ այս հարցում «Ելք»-ում ընդհանուր հայտարարի կգան: Համենայնդեպս, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը լավատես է:
«Ելք»-ը խորհրդարանական առաջին դաշինքը չէ, որ կանգնել է այսպիսի խնդիրների առջեւ: Նախընտրական դաշինքներն էին, որ խարխլեցին նաեւ «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները: Թե խորհրդարանական, թե դաշինքային աշխատանքի փորձ ունեցող Ստյոպա Սաֆարյանի հետ «Ռադիոլուրը» զրուցեց հենց «դաշինքային» սինդրոմի մասին:
Վերլուծական աշխատանքի անցած նախկին պատգամավորն արտասովոր է համարում քաղաքականության մեջ նախապատվություն տալը կամ փողոցային պայքարին, կամ բացառապես խորհրդարանական պայքարի տարբերակին: Ենթադրում է, որ «Ելք»-ում տարբեր դիրքորոշումներ ի հայտ գալուն նպաստել է մի քանի նախադրյալ՝ այդ թվում ընդդիմադիր ընտրազանգվածի ռադիկալացումն այլ ուժերի կողմից, նաեւ՝ թանկացումների դեմ սեփական ուժերով կազմակերպված բողոքի ակցիաների արդյունքը:
«Ելք»-ում՝ Հանրապետական կուսակցության օրինակով, վարչապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, թեեւ ներքին կարգով խոսակցություններ շրջանառվում, թե «Ելք»-ի վարչապետի հավանական թեկնածուն հենց Նիկոլ Փաշինյանն է: Ասում են՝ սա կլինի «Ելք»-ի փոխզիջումը Փաշինյանին, նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում: Սա էլ կլինի «կամ-կամ»-ը՝ միեւնույն ուժի մի մասը կաշխատի «դրսում», մյուս մասը՝ «ներսում»:




