

Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հետ կապված հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱԻՄ-ը: ԱԻՄ-ը պնդել է, որ գործընթացը տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ խախտմամբ, ինչը նշանակում է պետականության հիմքերի հիմքի խարխլում:
Կուսակցությունը կոչ է արել մարտի 2-ին շրջապատել ԱԺ-ն ու ոչ ասել, ԱԻՄ հայտարարությամբ տեղ գտած բնորոշմամբ, հակասահմանադրական գործընթացին:
Նույն հարցին այսօրվա ասուլիսում անդրադարձել է նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Չնայած ՀԱԿ-Արմեն Սարգսյան տեղի ունեցած հանդիպմանը՝ վերջինս, շեշտել է, թե իրենք ամբողջ գործընթացը լեգիտիմ չեն համարում:
Արտախորհրդարանական ոչ բոլոր ուժերն են նման տեսակետները կիսում:
Այսօր հայտարարություն տարածեց ԱԻՄ-ը՝ պնդելով, որ ապրիլի 2-ին ԱԺ-ի կողմից նախագահի ընտրությունը հակասահմանադրական է: ԱԻՄ գլխավոր քարտուղար Արկադի Վարդանյանի ընթերցած հայտարարությունից պարզվեց, որ ըստ ԱԻՄ-ի՝ կոպտորեն խախտվել է սահմանադրական կարգը, քանի որ «Նոր սահմանադրության» մեջ ասված է, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը գործում է 2005 թ.-ի սահմանադրությունը:
«Չի կարող նորընտիր ԱԺ-ն հանրապետության նախագահ ընտրել, որովհետեւ նախագահ ընտրելու իրավասության դրույթն ուժի մեջ է մտնելու նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»:
Այսինքն, նոր նախագահի ընտրությունից եւ երդմնակալությունից հետո միայն կարող է ամբողջությամբ գործել նոր Սահմանադրությունը: Հետեւաբար, ըստ ԱԻՄ-ի, գործընթացը տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ խախտմամբ, ինչը նշանակում է պետականության հիմքերի հիմքի խարխլում: Դա թույլ չտալու համար աիմականները կոչ են անում Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդկանց ԱԺ-ում նախագահ ընտրելու օրը՝ մարտի 2-ին, սեւ դրոշներով շրջապատել ԱԺ-ը եւ ոչ ասել, իրենց բնորոշմամբ, հակասահմանադրական գործընթացին: ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյան.
«Մենք իրավունք չունենք լռելու: Խախտվում է հիմքերի հիմքը՝ ամբողջ երկրի բարոյահոգեբանական վիճակը վերջնականապես տրորվում է. ի սկզբանե ազգիս կոդավորում են սխալ, կեղծ արժեհամակարգի մեջ ապրելու»:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին: ԱԻՄ գլխավոր քարտուղար Արկադի Վարդանյանի խոսքով՝ հայտնի չէ թե ի՞նչ ծրագրով է նա գալիս, ինչի՞ է ձգտել նախկինում կամ հիմա: ԱԻՄ ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանի ձեւակերպմամբ էլ՝ իրենք անձի հետ խնդիր չունեն, բայց խնդիր ունեն որպես կադրի: Կարծիք հայտնեց՝ երբ ժամանակին վարչապետ է նշանակվել, եղել է «կրեմլյան կաթսայից», հետեւաբար՝ մերժում են: Հարցին այսօր անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Պարզվեց, որ ՀԱԿ-ում նույնպես լեգիտիմ չեն համարում ամբողջ գործընթացը՝ չնայած ՀԱԿ-ն ընդունել եւ հանդիպել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
Արտախորհրդարանական ուժերի գործընկերների գնահատականներին, այդ թվում՝ գործընթացը հակասահմանադրական բնորոշելու ԱԻՄ հայտարարությանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը չցանկացավ անդրադառնալ:
ՕԵԿ փոխնախագահի խոսքով՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ փոխանակել են արտաքին ու ներքին հարցերի, այդ թվում՝ անվտանգության, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետ կապված մոտեցումներն ու տեսլականները:




