Հասարակություն

Վճարովի, թե անվճար. դիմորդը կիմանա բուհ ընդունվելուց հետո միայն

Օրեր առաջ կառավարությունը հաստատեց «Բարձրագույն կրթության մասին» և հարակից այլ օրենքների փաթեթում փոփոխությունները, որի ընդունման արդյունքում, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խոսքով, արմատական եւ որակական փոփոխություններ կիրականցվեն բարձրագույն կրթության ոլորտում:

Փոխվելու է ուսանողի կրթական գործունեության ձեւաչափը, ինչպես նաեւ բուհերի կառավարման համակարգը: Փոփոխություններ են նախատեսվում նաև բուհական ընդունելության համակարգում:

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաև բուհական ընդունելությունում: Իհարկե անկախ սեփականության եւ կազմակերպա-իրավական ձեւերից, դիմորդները պարտադիր պետք է քննություն հանձնեն «Հայոց լեզու» առարկայից:

Հետագայում դա կլինի մրցութային, թե չի լինի, կորոշի բուհը՝ մասնագիտությունից ելնելով, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը: Միասնական քննությունները որպես այդպիսիք մնալու են:

Քննությունների ավարտին դիմորդը կստանա հավաստագիր ու միայն դրանից հետո յուրաքանչյուր դիմորդ կդիմի իր նախընտրած բուհը՝ նախընտրած մասնագիտությամբ:

Որոշակի փոփոխություններ կլինեն  ֆինանսավորման մասով: Այսինքն՝ ուսանողը կընդունվի բուհ, բայց նախապես չի հայտարարվի՝ անվճար, թե վճարովի: Կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ՝ առաջադիմության, կարիքի վրա հիմնված:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն, իհարկե, այնքան էլ լուրջ փոփոխություն չի տեսնում ընդունելության համակարգում: Սա ավելի շուտ տեխնիկական խնդիր է՝ ասում է նա:

Թե ինչպես են ընդունելության քննություններում նախատեսվող փոփոխություններին վերաբերվում ներկա և նախկին դիմորդները, հետաքրքրվեցինք հենց իրենցից:

Ինչևէ, առաջիկա 3 տարիներին դեռևս որևէ փոփոխություն չի լինելու: Փոփոխությունները նախատեսվում են օրենքի ընդունումից 3 տարի անց:

Կարդացեք նաև

Back to top button