Մշակույթ

Գեղամ Գրիգորյանի հուշարձանը` «Կոմիտաս» պանթեոնում

Այսօր Երևանի «Կոմիտաս» պանթեոնում նրա գերեզմանին տեղադրվել է Գեղամ Գրիգորյանի հուշարձանը։ Արձանի հեղինակը քանդակագործ Թեյմուրազ Մուրվանիձեն է:

Արարողությանը ներկա կլինեն մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, պետական-հասարակական գործիչներ, մտավորականներ, Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչներ:

 

20-րդ  դարի լավագույն տենորներից մեկը՝ անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 2016 թվականի  մարտին: Բազմաթիվ  ծրագրերով ու նպատակներով լի  արվեստագետն ընդամենը 65 տարեկան էր:


Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, ՀՀ-ում Լիտվայի և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանների , Գեղամ Գրիգորյանի հարազատների ու արվեստի երկրպագուների  մասնակցությամբ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց  մեծանուն արվեստագետի  հուշարձանը: Հեղինակը վրաց քանդակագործ Թեյմուրազ Մուրվանիձեն է:

«Կարող եմ ասել, որ Գեղամի հետ  եղբայրներ ենք եղել: Միասին աշխատել ենք Մարիինյան  թատրոնում: Նա այն տարիների  թիվ մեկ մենակատարն էր, ես՝ թատրոնի գլխավոր նկարիչը: Այնպես որ, նրա արվեստն ինձ ծանոթ է ու չափազանց սիրելի: Իմ մտերիմներից էր նաև Դոմինգոն, որն ասում էր՝ այսպիսի կոկորդ աշխարհում գոյություն չունի: Գեղամ Գրիգորյանն, իսկապես, աշխարհի լավագույն տենորներից մեկն էր: Իմ քանդակը մարմնավորում է նրա մեծ հոգին ու տաղանդը: Սա թռչուն է, որի թևերը տարածվում են  ներքևից դեպի վեր՝ ներկայացնելով Գեղամի ձայնի անսահմանությունն ու ուղղելով այն   դեպի երկինք»:


Վրաց քանդակագործին ու հայ տենորին միավորել է նաև հումորի զգացումը:  Թեյմուրազ Մուրվանիձեի խոսքով, շատերը սիրում էին հավաքվել  նրանց  շուրջն ու լսել զավեշտալի բազմաթիվ  պատմությունները:

«Մենք  Հայոսի ու  Քարթլոսի եղբայրության իրական խորհրդանիշ էինք դարձել: Ցավոք, Գեղամը շուտ հեռացավ կյանքից: Մի անգամ ինձ ասաց՝ երբ մեռնեմ, իմ արձանը դու՛ կքանդակես: Ես էլ ասացի՝ հերթ գոյություն ունի, բարի եղիր պահապանել այն: Ես քեզնից մեծ եմ 12 տարով: Բայց եղավ այն, ինչ եղավ»:

«Գեղամ Գրիգորյանի մահվան լուրը ստանալուց հետո եվրոպական օպերային թատրոնները,   որտեղ գոնե մեկ անգամ հանդես էր եկել Գրիգորյանը, 24 ժամ շարունակ հնչեցրին նրա օպերային կատարումներից որևէ մեկը»:

Ըստ մշակույթի նախարար Արմեն Անմիրյանի, սա վկայում էր այն մասին, որ գործ ունենք համաշխարհային մեծության աստղի հետ, և վաստակելով այդ համբավը, սերը, հեղինակությունը, Գեղամ Գրիգորյանը չափազանց բարձր պահեց հայկական կատարողական արվեստի նշաձողը, որին պետք է ձգտեն մեր կատարողները:


«Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ Գեղամ Գրիգորյանին  հարցրին՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեր, եթե չդառնար օպերային երգիչ: Մաեստրոն պատասխանեց՝ շինարար: Իրականում նա հենց «շինարարությամբ»  էլ զբաղված էր, զբաղված էր մեր հոգիների, երևակայության շինարարությամբ: Գեղամ Գրիգորյանի կատարումները դեռ երկար ունենալու են իրենց ազդեցությունը: Նա ուներ բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր: Մի առիթով զրուցում էինք, և նա շատ զարմացած նշեց՝ ինչպե՞ս է ստացվում,  որ եվրոպական օպերային թատրոնները կարողանում են միանգամից երեք տարվա խաղացանկ մշակել, իսկ մենք չենք կարողանում մշակել անգամ երեք շաբաթվա խաղացանկը: Մեծ վարպետի շիրիմի  առջև  ուզում եմ խոստանալ, որ այս տարի ունենալու ենք առնվազն մեկ տարվա հստակ խաղացանկը,  և տարվա ընթացքում իրականացնելու ենք Գեղամ Գրիգորյանի երազանքներից մի քանիսը»:

Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է: Նա լավագույն դերերն է կատարել Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում: Այսօր ներկա էր հոր՝ Գեղամ Գրիգորյանի արձանի բացման արարողությանը:
«Տարօրինակ զգացում ունեմ. նայում եմ այս քանդակին, որի հեղինակը մեր ընտանիքի լավ բարեկամն է, տեսնում եմ գեղեցիկ աշխատանք, որը, սակայն,  ոչ մի կերպ չեմ կարողանում աղերսել հորս կորստի հետ: Կցանկանայի Երևանում գտնվել այլ առիթով: Միակ զգացումը, որն  այս պահին ունեմ, կարոտն է: Ես սարսափելի կարոտում եմ հայրիկիս, և դեռ չեմ համակերպվել այն մտքին, որ նա  այլևս իմ կողքին չէ»:


Տաղանդից զատ, Գեղամ Գրիգորյանը  դստերն է փոխանցել նաև հայերենի իմացությունը: Ոչ այնքան վարժ, բայց խոսում է հայերեն՝ երբեք չապրելով Հայաստանում:  Հայերենը փորձելու է փոխանցել նաև իր զավակներին:

Հասմիկի՝ հորից ստացած, թերևս,  կարևորագույն պատգամը՝  ապրել այնպես, որպեսզի հեռանալուց հետո մարդիկ հիշեն ժպիտով:

Կարդացեք նաև

Back to top button