
Կուբայի Ռեմեդիոս քաղաքում փառատոնի ժամանակ հրավառության պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է մինչեւ 39 մարդու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կուբայի հեռուստատեսությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 22 տուժածի մասին, որոնց տեղափոխել են Սանտա Կլարայի հիվանդանոց: Նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական այգուց ոչ հեռու: Հրավառությամբ պարկերի մեջ կայծ է ընկել, որի հետեւանքով արկերը բռնկվել են եւ սկսել պայթել: Մոտ գտնվող մարդիկ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:
Տուժածների թվում 11-ից մինչեւ 15 տարեկան 6 երեխա ու դեռահաս կա: Միջադեպի հետաքննությունն իրականացնում են Կուբայի ՆԳՆ աշխատակիցները: Նախնական տեղեկություններով՝ բոլոր տուժածները տեղացիներ են: Նրանց թվում արտասհմանցիներ չկան:
Ռեմեդիոսում դեկտեմբերյան հրավառությունը, այսպես կոչված՝ պարանդին կուբայական հնագույն եւ ամենազանգվածային տոներից մեկն է, որը դիտելու են գալիս ամբողջ երկրից հազարավոր մարդիկ:
2013 թվականին պարանդին հռչակվել է Կուբայի մշակութային ժառանգություն:




