Քաղաքական

Վիրտուալ ագրեսիա, որը կարող է վերածվել իրականի


Նախօրեին ԱԱԾ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ծառայության կողմից օպերատիվհետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,

որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվամբ խմբավորում ձեւավորելու,

խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Ով է ԱՄՆ քաղաքացին, ինչ բովանդակության գրառումներ են արվել, եւ արդյո՞ք սա վիրտուալ ագրեսիա է թե՞ իրական սպառնալիք:

«Չեմ ընդունում ներկայացված մեղադրանքները եւ այն դիտարկում եմ խոսքի ազատության եւ ժողովրդին վախեցնելու, ստրկացնելու կոնտեքստում»,- տպագիր մամուլի մեր գործընկերներին հայտնել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված, հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Քուրքյանը՝ կեղծ էջ բացած օգտատերը։

Նա բնակվում է ԱՄՆ-ում, Կալիֆորնիայում, սովորել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանում: Ըստ Քուրքյանի ֆեյսբուքյան էջերի, որոնք երկուսն են, եւ եւս մեկը գրանցված է «Մարտիկներ հանուն արդարության» անվան ներքո, կան տարբեր գրառումներ, կոչեր, հայտարարություններ: Ի դեպ, արդեն իսկ արձագանքելով ԱԱԾ հայտարարությանը, Ռոբերտը նշել է, որ ոչ մի բան չի պատրաստվում անել, չի ընդունում ներկայացված մեղադրանքները։ ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ մեղադրանքին ի պատասխան ասել է, որ ոչ մի խումբ էլ չի ունեցել եւ չունի, ունեցել է միտք, որը դուր է եկել ժողովրդին, եւ սարսափի մատնել իշխանություններին։

Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ հետ այլ մանրամասներ ճշտելու համար, սակայն մեզ փոխանցեցին, որ առայժմ կսահմանափակվեն միայն հաղորդագրությունով: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը համացանցում տեսել է Ռոբերտ Քուրքյանի նկարը, եւ ըստ նկարի, բավականին ազնիվ դեմք ուներ՝ ասում է: Վիրտուալ ահաբեկչությո՞ւն թե՞ իրական սպառնալիք՝ ազգային անվտանգության նախկին փոխնախարարը պատասխանում է

«Սա վիրտուալ ագրեսիա է։ Այսինքն՝ ագրեսիայի վիրտուալ արտահայտություն համացանցում, որը կվերածվի իրական ագրեսիայի: ԱԱԾ-ի միջնորդությունը այս պարագայում գտնում եմ ճիշտ եւ ժամանակին: Բայց այս ամենը կարող է վերածվել մեկ այլ պետական ագրեսիայի, որին մենք ականատես ենք եղել այս տարիների ընթացքում: Եվ վիրտուալ նման կարծիքը անմիջապես պարարտ հող կգտնի ՀՀ-ում»:

Ազատ եւ չափազանց արտահայտվողներ այսօր շատ են համացանցում: Արդյո՞ք իրական սպառնալիք կար քաղաքացու գրառումներում: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրում է կոնկրետ ֆեյսբուքի գրված եւ չգրված կանոնները՝ մանրամասնելով, այն ունի կոնկրետ ռազմավարություն՝ համագործակցել ուժային կառույցների հետ միայն կոնկրետ սպառնալիքների առկայության պարագայում:

«Ենթադրում  եմ, որ անձը բացահայտվել է Ֆեյսբուքի հետ համագործակցության արդյունքում: Այդքան էլ հեշտ չէ ֆեյք պրոֆիլի միջոցով իմանալ՝ ով է հետեւում կանգնած:  Եթե այդպես է եղել, ասեմ, որ ֆեյսբուքը հեշտ տվյալներ չի տրամադրում: Գործն ավելի խորն է, քան մեզ ներկայացրել են»:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ահաբեկչություն ծնող դեպքերի կանխման եւ բացառման համար մեկ դեղամիջոց կա՝ կանխել անարդարությունը: Եվ վերջում՝ ԱԱԾ կողմից հետախուզվող Ռոբերտ Քուրքյանը հայտնել է, որ ՀՀ գործընկերների կողմից ստացված տեղեկատվության առնչությամբ ԱՄՆ իրավապահները այցելել են հայազգի քաղաքացու  բնակարան, հարցաքննել: Ըստ Քուրքյանի, նա բացատրել է եղելությունը եւ ներկայացրել ՀՀ-ում տիրող իրավիճակը, որից հետո իրավապահները հեռացել են:

Կարդացեք նաև

Back to top button