Հասարակություն

Ավտոմեքենայի պատուհանից աղբ նետողները կտուգանվեն

Կառավարությունը ոստիկանությանը հանձնարարել է կանխարգելել չնախատեսված վայրերում աղբ թափելը։ Ոստիկանությունն էլ հայտարարում է, որ սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու։

Ուշադրության կենտրոնում են լինելու տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու դեպքերը։ Իրավապահներն զգուշացնում և հավաստիացնում են` բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության:

Ծխախոտի մնացորդները, պոլիէթիլենային տոպրակները, դատարկ շշերն ու մեքենաներից նետվող այլ առարկաները էկոլոգիական անդառնալի վնասներից բացի կարող են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ դառնալ: Ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Խաչատուր Սամվելյանը ոստիկանության կայքում նշում է, որ միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում ՀՀ տարածում ՃՈ ծառայողների կողմից հայտնաբերվել են վարորդների և ուղևորների կողմից ավտոմեքենայի սրահից իրեր և առարկաներ նետելու, ինչպես նաև բեռները տեղափոխելու ընթացքում ճանապարհը աղտոտելու շուրջ 1000 դեպք:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 15-րդ կետն ասում է. տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելն առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Այսինքն՝ 5000 դրամ:

Այս նախաձեռնությունը, ի դեպ, ողջունում են հենց վարորդները և հորդորում ուշադիր լինել նաև անցորդների նկատմամբ։ Աղտոտելու համար տուգանել ոչ միայն վարորդներին, այլեւ անցորդներին:

Այսպիսով՝ որքան էլ ոստիկանությունը հետևողական լինի, կարևորը մեր հասարակության՝ սեփական քաղաքը մաքուր պահելու պատասխանատվության գիտակցությունն է:

Կարդացեք նաև

Back to top button